211652_close_icon
views-count1126 դիտում article-date 10:41 15-09-2023

Արցախցիներին ուղղակի կամ անուղղակի ձևով թողնել հեռանալու կոչեր են անում նաև նրանք, որոնք մինչև այդ «աննահանջ պայքարի մարտիկներ» էին ձևանում. Տիգրան Աբրահամյան

Արցախցիներին ուղղակի կամ անուղղակի ձևով թողնել հեռանալու կոչեր են անում նաև նրանք, որոնք մինչև այդ «աննահանջ պայքարի մարտիկներ» էին ձևանում։

Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Արցախում իրավիճակի վատթարացման ֆոնին, տարբեր կենտրոններից ուղղորդված տեղեկատվական հարձակումներ են իրականացվում, գրում է Tert.am-ը:

Ադրբեջանն ագրեսիվ գործողությունների նախապատրաստման օպերացիա է իրականացնում:
Սակայն եթե Ադրբեջանի դեպքում այդ ամենը սպասելի էր, ապա իրավիճակն ուշագրավ է ներքին հրահրումների առումով:

Օբյեկտիվ և սուբյեկտիվ առումով Արցախում ծանր իրավիճակ է, ինչը բնականաբար ուղեկցվում է այն նկարագրող տարբեր դրսևորումների հրապարակումներով:

Սակայն Արցախի ու Հայաստանի որոշ խմբեր, անհատներ, օգտագործելով իրադրային առանձնահատկությունները, ակնհայտորեն բարոյահոգեբանական գրոհներ են իրականացնում Արցախի նկատմամբ, որի նպատակը համատարած հուսալքություն և անկարողության զգացում տարածելն է:
Տարատեսակ «հումանիտար միջանցքներից» մինչև Արցախում «անարդարության» շինծու կարգախոսներ հռչակելով, փորձում են արցախցիներին համոզել, որ հանձնել ու հանձնվելուց բացի այլ հնարավորություն չկա:
Ես ինքս իմ հրապարակային խոսքում խուսափում եմ, այսպես ասած, արցախցիներին «դասեր տալուց», թե ինչպես դիմանան, ինչ անեն կամ չանեն, որովհետև անկախ իմ ցանկություններից ու պայքարի սկզբունքներից, ինքս իմ ընտանիքով Արցախում չեմ ապրում և այդ զրկանքներով չեմ անցնում:
Հատկանշական է, որ արցախցիներին ուղղակի կամ անուղղակի ձևով թողնել հեռանալու կոչեր են անում նաև նրանք, որոնք մինչև այդ «աննահանջ պայքարի մարտիկներ» էին ձևանում, դեռ չեմ խոսում այն մասին, դրանցից ոմանք տոտալ բլոկադայի օրերին, առանց լուրջ պատճառի թողել ու հեռացել են, բայց չգիտես թե ինչու իրենց իրավունք են վերապահում դրսից արցախցիներին մոլորեցնել, սպառնալ կամ վիրավորել:
Այս տեղեկատվական ահաբեկչությունը համապատասխան կառույցները պետք է ամեն գնով կասեցնեն, առկա տեղեկատվական ռիսկերը հնարավորինս կառավարելի դարձնեն, հակառակ դեպքում առկա բարդ իրավիճակն առավել ծանր գույներ կստանա»:

Նմանատիպ նյութեր