211652_close_icon
views-count1078 դիտում article-date 22:10 31-08-2023

Արմեն Ղազարյանը և Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը 13 շահառու ընտանիքների հանձնել են բնակարանի գնման վկայագրեր

1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած և այս ընթացքում Հայաստանում ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքների համար 2019 թ.ից գործում է բնակապահովման ծրագիր: Այսօր Արմավիրի մարզում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը 13 շահառու ընտանիքների հանձնել են բնակարանի գնման վկայագրեր: 

Այդ մասին հայտնում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

Նախնական ուսումնասիրությունների արդյունքում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ծրագրի մասին ծանուցել է 194 հավակնորդ շահառուների, որոնցից 161-ը ծրագրին մասնակցելու համար դիմում են ներկայացրել:

Միջգերատեսչական հանձնաժողովը պարբերաբար նիստեր է գումարում՝ քննելու ներկայացված դիմումները և դիմումատուի փաթեթի համապատասխանությունը ծրագրի չափորոշիչներին: Դրական եզրակացություն ստանալու պարագայում շահառուն ստանում է բնակարանի գնման վկայագիր՝ մեկ տարի գործողության ժամկետով:

Ըստ շահառու ընտանիքի անդամների թվի՝ հատկացվում է համապատասխան քանակի սենյակներով բնակարանի գնման վկայագիր: Բնակարանի գնման վկայագրերի արժեքը հաշվարկվել է Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված անշարժ գույքի շուկայի 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տվյալ համայնքի քաղաքային բնակավայրերում ձևավորված բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջինացված գներով:

Ծրագրի նախորդ երեք փուլերն անցկացվել են մայրաքաղաքում՝ ըստ վարչական շրջանների, որոնց արդյունքում տրամադրվել է բնակարանի գնման 272 վկայագիր: Շահառուների ավելի քան 80 տոկոսը իրացրել է ստացած վկայագրերը:

Նմանատիպ նյութեր