211652_close_icon
views-count1057 դիտում article-date 12:08 27-08-2023

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի հիշատակը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի հիշատակը։ Տոնը շարժական է, նշվում է Վերափոխման հաջորդ կիրակի օրը։ Այն Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներից մեկն է։ Հայ իրականության մեջ Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնը ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետը՝ 1774 թվականին հրատարակած օրացույցում, տեղեկանում ենք qahana.am-ից:

Սրբերի մաունքներն ու նրանց պատկանող իրերը Եկեղեցու և հավատացյալների համար հատուկ նշանակություն ունեն։ Դրանք ունեն հատուկ զորություն, որի մասին փաստվում է աստվածաշնչյան մի շարք դրվագների միջոցով։

Ավանդություն
Ըստ ավանդության՝ Արկադիոս կայսեր օրոք (395-408 թթ.) Երուսաղեմում գտնվում է Սուրբ Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այնտեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ ընդառաջ են գնում և այն զետեղում եկեղեցում:

Հետագայում Սուրբ Աստվածամոր գոտին մասնաբաշխվեց տարբեր եկեղեցիների: Երբ Հունաց Ռոմանոս Արգիրի կայսեր դուստրը ամուսնացավ Վրաց Բագրատ թագավորի հետ, իր հետ բերեց գոտուց մի մաս, որն այժմ գտնվում է Վրաստանում՝ Ալեքսանդր կայսեր կառուցած տաճարում: Իսկ մյուս մասն Աթենյան եկեղեցում է: Սուրբ Կույսի գոտին կայսեր կողմից զարդարվել էր մարգարիտներով ու զմրուխտներով:

Խորհուրդ
Տիրամոր վերափոխումից հետո սրբուհու գոտին, թաշկինակը, պատկերները մնացին մեզ՝ հավատացյալներիս իբրև վկայություն այն բանի, որ Աստվածածինը մեզ չի լքել, մեզ հետ է իր արագահաս բարեխոսությամբ, մայրական սիրով ու հոգածությամբ:

Տիրամայրը մեզ հետ է։ Նա մեզ համար բարեխոս է Տիրոջ առաջ, սիրում է մեզ մայրաբար և պաշտպանում։ «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ․ 28։20),- ասաց Քրիստոս։ Աստվածածինը, ի տարբերություն Որդու, հեռացավ լուռ, սակայն խնդությամբ, որ գնում է Որդու մոտ։ Այսօր՝ Տիրամոր գոտու գյուտի տոնին, ևս մեկ անգամ գիտակցենք Աստվածածնի ներկայությունը, բաց պահենք մեր սրտերը Նրա առաջ և խնդրենք Նրա բարեխոսությունը։ Չէ՞ որ Նա մեզ հետ է։

Նմանատիպ նյութեր