211652_close_icon
views-count2452 դիտում article-date 12:32 15-08-2023

Անկարագրելի չափի ողբերգություն է, չգիտես էլ, թե ինչ խոսել, ինչ ասել. «Համշեն» տուր-ի տնօրեն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Համշեն» տուր ընկերության տնօրեն Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում տեղի ունեցած ողբերգական պատահարին, որի հետևանքով մահացել են ընկերության՝ Արևմտյան Հայաստանից վերադարձող խմբի 11 անդամները՝ այդ թվում նաև վարորդը և զբոսավարը, իսկ մյուսները ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց։ 

Պետրոսյանը մասնավորապես գրել է.

«Իմ ցավակցությունը ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու ընկերներին։ Այս ամենն անկարագրելի չափի ողբերգություն է, չգիտես էլ, թե ինչ խոսել, ինչ ասել։

Այս ողբերգության պատճառով կորցրել եմ նաև իմ լավ ընկերներին․ տարիներով հազարավոր կիլոմետրեր կտրած իմ շատ սիրելի ընկեր Մառլենին և մեզ հետ իր նոր ճանապարհը սկսած, անչափ լուսավոր, պայծառ, խելացի Մուշեղին, որի հետ էլ երկար ճանապարհ պիտի անցնեինք։

Շատերդ գիտեիք Մառլենին որպես վարորդ, որ մեզ հասցնում էր մեր սիրելի վայրեր, իսկ Մուշեղին մեկ անգամ տեսածներն էլ հասցրել են սիրել իրեն։ Ցավն աննկարագրելի չափի է ու գնալով միայն խորանում է։ Բոլորին համբերություն ու չգիտեմ, թե ինչ չափի ուժ։ Ավել բան այս պահին չեմ կարող գրել կամ ասել։

Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր այս ծանրագույն պահին մեր և զոհվածների ընտանիքների կողքին են»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 14-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության, նույն վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի քննիչների կողմից պարզվել է այսօր Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ЗИЛ մակնիշի բեռնատարը վարել է Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Համլետ Պետրոսյանը, իսկ Volkswagen Crafter-ը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Մառլեն Մարգարյանը։

Վթարի հետևանքով տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել վարորդ Հ. Պետրոսյանը, Volkswagen Crafter-ի ուղևորներ 27-ամյա Մարգարիտա Գաբրիելյանը, ում բնակության վայրը ճշտվում է, Երևանի բնակիչներ 34-ամյա Լիլիթ Ղուսասովան, 39-ամյա Էդուարդ Սահակյանը, Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Պայծառ Ավանեսյանը, Երևանի բնակիչ 23-ամյա Էդուարդ Քոլոյանը, իսկ Volkswagen Crafter-ի վարորդ Մ. Մարգարյանը, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Մուշեղ Էլոյանը, Երևանի բնակիչ 42-ամյա Լիաննա Քոչինյանը, Սյունիքի մարզի բնակիչներ 18-ամյա Եվա Փարսյանը, 27-ամյա Նարե Ամարյանը, Արցախի Հանրապետության բնակիչ 21-ամա Հելեն Դադայանը, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 24-ամյա Ամալյա Մնացականյանը, 50-ամյա Բարիս Թորոսյանը, 45-ամյա Անահիտ Հակոբյանը, Կոտայքի մարզի բնակիչներ 51-ամյա Ալվարդ Մարտիրոսյանն ու 56-ամյա Արայիկ Մուրադյանը տեղում մահացել են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 301+
301+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր