211652_close_icon
views-count45342 դիտում article-date 10:56 28-07-2023

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ժամանել է Արմավիրի մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Գևորգ Հ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գևորգ Հ.-ն, ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 32-ամյա Լուսինե Հ.-ն և 23-ամյա Լիդա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվ են գործել նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանն ու Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Միքայելյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախձեռնվել է  վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր