211652_close_icon
views-count124511 դիտում article-date 15:58 09-10-2024

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Իջևան-Երևան երթուղու միկրոավտոբուսը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. կան զոհեր և վիրավորներ. ժամանել է ՊԾ պետ Արթուր Խուդինյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր բժշկական կենտրոններ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվ են գործել «Աբովյան» բժշկական  կենտրոնի և Բյուրեղավանի բժշկական ամբուլատորիայի բժիշկները:  
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի և Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Գազել»-ը սպասարկում է Իջևան-Երևան միջհամայնքնային երթուղին:

Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, մնացածի վիճակը միջին ծանրության է:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր