211652_close_icon
views-count955 դիտում article-date 11:24 21-07-2023

Անձնական և պաշտոնական անպատասխանատվություն․ իրավունք ունե՞նք կասկածելու «հանուն անվտանգության և իրավունքների» իրենց «կռվի» վերաբերյալ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Արցախում վիճակը շատ ծանր է, երեխաներն օրերով սոված են մնում: Ինչպե՞ս է պետք դրան արձագանքել այստեղ՝ կուշտ եւ անվտանգ (առայժմ) Երեւանում: Պահանջել բոլորից, որ սրճարաններ չգնան, ծնունդ-կնունք չանեն, իրենց առօրյա գործով չզբաղվեն, ինձ թվում է՝ սխալ եւ անարդյունավետ ճանապարհ է: Ամեն մեկն իր անձնական կյանքն այնպես է դասավորում, ինչպես ինքն է հարմար գտնում: Հորդորել քաղաքացիներին որոշակի տակտ դրսեւորել աղետալի վիճակում գտնվող հայրենակիցների հանդեպ՝ դա, ինձ թվում է, տեղին է: Առավել եւս, երբ կան մարդիկ, որոնք ոչ միայն անտակտ են, այլեւ չարությամբ, ատելությամբ ու ագրեսիայով են լցված:

Այդ ագրեսիան, իհարկե, ունի հոգեբանական բացատրություն: Երբ մարդը փակում է իր ականջները, ոտերը խփում է գետնին եւ գոռում է՝ «չեմ ուզում լսել Արցախի մասին» (համարեք դա փոխաբերություն, որը հոգեբանական վիճակն է նկարագրում), նա այդպիսով պաշտպանվում է՝ եթե կարճ ձեւակերպենք, պաշտպանում է իր հոգեկան անդորրը: Նույն մեխանիզմն է գործում, երբ նա ասում է՝ «նախկինները թալանել են, ռուսները մեզ քցել են, խեղճ Նիկոլն ի՞նչ անի»: Եթե նա այսպես չասի, ապա ստիպված կլինի բացատրել, թե ինչու է 2021 թվականին «խեղճ Նիկոլին» ձայն տվել: Իսկ եթե բացատրի, ապա գոնե մասամբ պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի վերջին երկու տարվա մարդկային եւ տարածքային կորուստների համար:

Բայց, կրկնեմ, այն, թե ինչպես են իրենց դրսեւորում մասնավոր անձինք, իրենց անձնական գործն է: Իսկ ինչպես են իրենց պարտականությունները կատարում ՀՀ իշխանությունները, դա անձնական խնդիր չէ: Ի՞նչ են նրանք անում, որպեսզի արցախցի երեխաները սոված չմնան: Այդ հարցին կա երկու պատասխան՝ ոչ պաշտոնական ու անկեղծ, եւ պաշտոնական ու կեղծավոր: Առաջինը տվել է ՔՊ-ական պատգամավորներից մեկը՝ այդ երեխաները նրանց պատասխանատվության շրջանակներից դուրս են, չէ՞ որ հայեր են ապրում նաեւ Գլենդեյլում, Ջավախքում, Ավստրալիայում:

Պատասխանի երկրորդ՝ պաշտոնական տարբերակն է՝ «մենք միջազգային հարթակներում կռիվ ենք տալիս արցախցիների իրավունքների եւ անվտանգության համար»: Բայց 2021 թվականի ընտրություններից առաջ նույն իշխանությունները խոստացել էին կռիվ տալ Արցախի ինքնորոշման եւ «անջատում հանուն փրկության» թեզի համար: Հետո հայտարարեցին, որ Արցախն Ադրբեջանի անբաժանելի մասն է:

Հիմա մենք իրավունք ունե՞նք կասկածելու «հանուն անվտանգության եւ իրավունքների» իրենց «կռվի» վերաբերյալ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր