211652_close_icon
views-count643 դիտում article-date 14:55 15-07-2023

Միրզոյանը հանդիպումը Գյուլբենկյան հիմնադրամի նախագահին․ քննարկել է նոր ծրագրերի իրագործման հեռանկարները

Հուլիսի 14-ին Լիսաբոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆեյժոյի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը:

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի մեծ ներդրումն աշխարհասփյուռ հայ համայնքներում հայապահպանության եւ հայագիտության զարգացման գործում։ Նախարար Միրզոյանն ընդգծել է նաեւ հիմնադրամի դերը՝ որպես բացառիկ կամուրջ երկու պետությունների միջեւ կապերի սերտեցման հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության, կրթության, մշակույթի, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում հայաստանյան կառույցների եւ հիմնադրամի համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները, այս եւ նոր ուղղություններով համատեղ ծրագրերի իրագործման հեռանկարները: Ընդգծվել է պատմամշակութային արժեքների պահպանման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման կարեւորությունը։

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարն այցելել է նաեւ «Գալուստ Գյուլբենկյան» թանգարան եւ ծանոթացել ներկայացված արվեստի գործերի հարուստ հավաքածուին, որը ներառում է նաեւ հայկական բացառիկ նմուշներ։
 

Նմանատիպ նյութեր