211652_close_icon
views-count1904 դիտում article-date 18:22 24-05-2017

Երևանի քաղաքապետարանն ու IDeA հիմնադրամը կհամագործակցեն ներդրումային ծրագրերի իրագործման շուրջ

Երևանում ներդրումային դաշտի ակտիվացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») տնօրեն Էդգար Մանուկյանի հանդիպման ժամանակ: Կարևորելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի կողմից այս ուղղությամբ ներկայում տարվող աշխատանքները՝ Վահե Նիկոյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորության շրջանակում պատրաստակամ է հնարավորին աջակցել փոխշահավետ համագործակցության շրջանակում մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրագործմանը: «Երևանում այսօր ձևավորված է բարենպաստ ներդրումային միջավայր, ինչը, միանշանակ, կարևոր նախապայման է ներդրողների համար: Ասօր հասանելի են նաև քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային առաջարկների փաթեթները: Միաժամանակ մենք ողջունում ենք ցանկացած նոր առաջարկ», - նշել Վահե Նիկոյանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ IDeA հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանն իր հերթին ներկայացրել է հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը: Ընդգծելով Երևանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները՝ Էդգար Մանուկյանը նշել է համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման կարևորությունը և այս համատեքստում խոսել մայրաքաղաքում իրագործելի ներդրումային ծրագրերի մասին: Մասնավորապես ներկայացվել են հիմնադրամի կողմից մշակված զբոսաշրջության զարգացմանն ուղղված` Երևանում նոր ճոպանուղու կառուցման, Հաղթանակ զբոսայգու վերակառուցման, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոցի զարգացման ներդրումային ծրագրերի առաջարկները: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկելու հետագա համագործակցության հնարավոր ուղղություններն ու առաջարկների փաթեթները:

Նմանատիպ նյութեր