211652_close_icon
views-count37465 դիտում article-date 09:43 10-07-2023

Արտառոց դեպք Սյունիքի մարզում․ Սիսիանում ավտովթարից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք․ 3 հոգի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց․ ժամանել է Սյունիքի մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ուեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Սիսիանի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է  ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը, Ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Անտոն Անտոնյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանը։

Ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ տուժածներն ի վիճակի չեն բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Գրիգոր Պողոսյանը, 29-ամյա Տիգրան Պողոսյանը և 72-ամյա Վալերիկ Թարվերդյանը։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Ոստիկանության Սիսիանի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, համագործակցելով Սիսիանի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։50-ի սահմաններում Սիսիան քաղաքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում հիվանդանոց տեղափոխված Տ․ Պողոսյանը իր վարած VAZ 21043 մակնիշի ավտոմեքնայով բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Վալերիկ Ղազարյանի վարած Nissan X-Trail մակնիշի  ավտոմեքենային։

Վթարից հետո դեպքի վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձը սուր կտրող ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել Գ․ և Տ․ Պողոսյաններին և Վ Թարվերդյանին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք՝ սուր կտրող-ծակող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով՝ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավոտմեքենաները քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր