211652_close_icon
views-count823 դիտում article-date 11:32 19-06-2023

Բլինքենը Պեկին այցի ընթացքում հանդիպել է Չինաստանի կառավարող կուսակցության արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավարի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի կառավարող կուսակցության արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Վանգ Յիի հետ: Բլինքենի այցի նպատակն է կարգավորել երկու երկրների հարաբերությունները, որոնք է՛լ ավելի են սրվել փետրվարին Վաշինգտոնի կողմից չինական օդապարիկը խոցելուց հետո: Հաղորդում է CNN-ը:

Էնթոնի Բլինքենը և Վանգ Յին կարճ ողջույնի խոսքից և լուսանկարման արարողությունից հետո հանդիպումն անցկացրել են փակ դռների հետևում:

Իր երկօրյա այցի շրջանակներում երեկ՝ հունիսի 18-ին, Բլինքենը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի հետ: ԱՄՆ պետքարտուղարությունը Ցին Գանի հետ բանակցությունները բնութագրել է որպես «անկեղծ, առարկայական և կառուցողական»:

Ըստ ամերիկյան որոշ լրատվամիջոցների՝ Բլինքենն այսօր ավելի ուշ կարող է նաև հանդիպում ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:

Վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն առաջին անգամ է այցելում Չինաստան: Բացի այդ, Բլինքենը Չինաստան այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախագահ դառնալուց հետո:

Նմանատիպ նյութեր