211652_close_icon
views-count4036 դիտում article-date 12:15 08-06-2023

Ավելի շատ ռիսկեր, քան օգուտներ՝ հայ-թուրքական սահմանի բացումը խնդիր է արտադրողների համար․ Ejc.am

Հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի կամրջի մոտ, մաքսակետ կառուցելու հարցը միս ու արյուն է ստանում։ Սրան զուգահեռ ակտիվանում են խոսակցություններն այն մասին, թե ի՞նչ կտա հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի տնտեսությանը։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող Աննա Փախլյանը ejc.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծում է՝  2022-ն Թուրքիայից Հայաստան է ներմուծվել   263 մլն դոլարի,  արտահանվել՝  մի քանի անգամ պակաս՝ 61 մլն դոլարի ապրանք։   Տնտեսագետն արձանագրում է՝ սահմանների  վերաբացման արդյունքում  տրանսպորտային ծախսերի կրճատման ու առևտրային ուղիղ հարաբերությունների հաշվին ապրանքաշրջանառության ծավալները մոտ 50 տոկոսով կարող են ավելանալ։ Կախված այն հանգամանքից, թե որ նավահանգստից ապրանքները կհասնեն Հայաստան, պարզ կդառնա, թե որքանո՞վ կնվազեն ապրանքների գները։

Ակնկալվում է, որ  սահմանի բացումից հետո  Թուրքիայից   դեպի Հայաստան ներմուծումը կավելանա շուրջ 65 տոկոսով, արտահանումը՝ 42 տոկոսով։  Սա, իհարկե, այն դեպքում, եթե   նոր լրացուցիչ մաքսատուրքեր չկիրառվեն Հայաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ։  Սա մի կողմն է։

Դրականին զուգահեռ  ռիսկերն ավելի շատ են

 Աննա Փախլյանն ընդգծում է՝  Հայաստանի տնտեսությունը, թերևս, պատրաստ չէ թուրքական ծագման ապրանքներով ավելի լայն թափով ողողվելուն։ Այսօր արդեն ներմուծումը բավականին շատ է, արգելքի չեղարկումից հետո վերականգնվել են նախկին ծավալները, աճի միտում է նկատվում։  Առաջնահերթ ոլորտները, որոնք խնդիրներ կունենան հայ-թուրքական սահմանի վերաբացումից հետո հիմնականում գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության ոլորտներն են։  Փորձագետն ընդգծում է՝   հայ արտադրողներն իրենց աճեցրած կամ արտադրած  ապրանքը չեն կարողանալու  համարժեք գներով իրացնել, քանի որ թուրքական գյուղմթերքն ավելի մատչելի է ու բնականաբար ներքին շուկան կողողվի թուրքական արտադրանքով՝ դուրս մղելով տեղական արտադրողին։  Աննա Փախլյանը հիշեցնում է, որ արգելքի  կիրառման   սկզբում հումքի մատակարարման հետ կապված որոշակի խնդիրներ եղան, բայց դա նաև որոշ ճյուղերի ակտիվացմանը բերեց։

Թուրքիան միշտ թույլ է տալիս ներմուծել այն ապրանքները, ինչի կարիք իր տնտեսությունն ունի տվյալ ժամանակահատվածում

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ դեպի Թուրքիա 2022–ին ոսկերչական իրերի և ադամանդի արտահանումը շարունակել է աճել, մինչդեռ 2021-ին ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը կրճատվել էր 33%-ով։ Տնտեսագետ Աննա Փախլյանը հիշեցնում է, որ, եթե ժամանակ առ ժամանակ կաշվե իրերի արտահանման համար կաշվի, մորթու պահանջ է ունեցել Թուրքիան, ապա Հայաստանից դա է արտահանվել, եթե ոսկու՝ ոսկի։  «Իսկ այն ապրանքների մասով, որոնցով մենք ունենք համեմատական առավելություն կամ արտահանման ներուժ, մեր տնտեսության կարիքներն անտեսվել են»,- ընդգծում է նա։

 Տնտեսական էքսպանսիա՝ հայ-թուրքական սահմանի բացմամբ

 Սահմանները բացելիս, եթե ոչ թվային հաշվարկներ, ապա գոնե գործոնային վերլուծություն պետք է ներկայացվի՝ ասում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոն Թաթուլ Մանասերյանն ու ընդգծում․ «Իրականում մենք տնտեսական էքսպանսիայի շատ լուրջ, բացասական հետևանքներ կունենանք։ Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ։ Կան մի քանի հանգամանքներ, որոնք պետք է   հաշվի առնենք։ Հայաստանի տնտեսությունն իր չափերով փոքր է, և մասշտաբի ազդեցությունը, որ ունի Թուրքիան, նույն ապրանքների արտադրությունն ավելի խոշոր մասշտաբով ինքնարժեքն է իջեցնում, գինն ու մրցունակությունն է բարձրացնում։ Թուրքական ապրանքների հետ մենք այսօր բառացիորեն մրցել չենք կարող, դա անհնար է»,- արձանագրում է տնտեսագետը։

Նմանատիպ նյութեր