211652_close_icon
views-count631 դիտում article-date 12:54 07-06-2023

Կստեղծվի ռազմատեխնիկական համագործակցության հայ-չեխական աշխատանքային խումբ

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել  Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, որը ներկայացվել է խորհրդարանի վավերացմանը։

«Ըստ այդ համաձայնագրի՝ սահմանվելու են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված այլ հարաբերությունները։

Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակող կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու Պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նիստում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալը։

Արման Սարգսյանը նշեց, որ համաձայնագրի նախագիծը, բացի շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցվելուց, նաև Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է Սահմանադրության պահանջներին համապատասխանող։

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց համաձայնագրին։ 

Հայաստանն ու Չեխիան ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են 2019 թվականի ապրիլին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկու երկրներում ներպետական ընթացակարգերն անցնելուց հետո։ Չեխիան դեռևս 2019 թվականի մայիսին Հայաստանին ծանուցել է համաձայնագրի ներպետական ընթացակարգերի կատարման մասին։ 

Նմանատիպ նյութեր