211652_close_icon
views-count937 դիտում article-date 10:50 24-05-2023

Վարչապետ Փաշինյանի վերջին ասուլիսն Արցախի մասին չէր, «անկլավների» մասին էր․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վարչապետ Փաշինյանի վերջին ասուլիսն Արցախի մասին չէր: Այս հարցում Հայաստանը եւ հայ ժողովրդին «ներկայացնող» անձի դիրքորոշումն առաջին անգամը չէ, որ հստակորեն արտահայտվում է: Արցախն, ըստ այդմ, Ադրբեջանի մաս է, եւ պետք է խոսել միայն արցախահայության «իրավունքների եւ անվտանգության» մասին: Ընդ որում, դա պետք է անեն Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: «Թարգմանաբար» դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը դրա հետ կապ չունի (ինչը եւ բազմիցս պնդել է Ալիեւը), եւ Ադրբեջանը պաշարված արցախցիների հետ կարող է անել այն, ինչ ուզում է: Եթե կան միամիտներ, որոնք այլ ձեւով են հասկանում «իրավունքների եւ անվտանգության» մասին դատարկ խոսակցությունները, ես այդ մարդկանց լավատեսությանը նախանձում եմ:

Բայց ասուլիսի գլխավոր թեման, այսպես կոչված, «անկլավներն» էին: Ես ենթադրում եմ, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, եւ ինչ է դա գործնականում նշանակում: Հայաստանն իր՝ 29.8 հազար քառակուսի կիլոմետրի «անկլավն» է համարում Արծվաշենը, ինչի մասին խոսվել է ասուլիսում: Գյուղը գտնվում է Հայաստանի արեւելյան սահմանից 18, իսկ Ճամբարակից` 25 կմ հեռավորության վրա: Ադրբեջանն իր 86.6 հազար քառակուսի կիլոմետրի «անկլավներ» է համարում Տավուշի շրջանի վեց գյուղեր, որոնց թվում՝ Ներքին Ոսկեպարն ու Վերին Ոսկեպարը եւ Արարատի մարզի Տիգրանաշենը (Փաշինյանը պաշտոնապես ընդունում է այդ 29.8-ը եւ 86.6-ը): Խոսքն այնպիսի բնակավայրերի մասին է, որոնք ունեն խիստ կարեւոր ռազմավարական դիրք, որովհետեւ գտնվում են մեր երկրի միջպետական երկու մայրուղիների անմիջական հարեւանությամբ՝ համապատասխանաբար Վրաստանի եւ Իրանի ուղղություններով: Հանձնել այդ բնակավայրերն Ադրբեջանին, նշանակում է հանձնել թշնամուն այդ՝ արտաքին աշխարհի հետ կապող երկու հիմնական ցամաքային ճանապարհները: Ի՞նչ է դա, եթե ոչ Հայաստանի Հանրապետության վերջը: Նրանք, ովքեր կարծում են, որ դա հնարավոր չէ, թող հիշեն՝ արդյոք գործո՞ւմ է Գորիս-Կապան հիմնական միջպետական ճանապարհը:

Այնպես որ, եթե Փաշինյանը մնա իշխանության, ապա շատ հավանական է, որ այլեւս չի լինի այն պետությունը, որը նա ցանկանում է ղեկավարել: Չեմ բացառում, որ այդպիսին է «ժողովրդի կամքը», եւ ձեւական լեգիտիմությունը պահանջում է, որ պետությունը պիտի ղեկավարի մի անձ, որն այդ պետությունը ոչնչացնում է: Բայց այդ «լեգիտիմությունն» ինձ մի տեսակ չի սփոփում:

Սակայն ամենակարեւորն այն է, որ անգամ «անկլավները» հանձնելուց (ինչի պատրաստակամությունը վարչապետը, ըստ էության, հայտնել է) եւ անգամ ադրբեջանցիների՝ ՀՀ այլ բնակավայրեր «վերադառնալուց» հետո ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսի Հայաստանի մնացորդների դեմ: Երաշխիքների բացակայության մասին նույնպես խոսվել է ասուլիսում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր