211652_close_icon
views-count1276 դիտում article-date 10:28 17-05-2023

Իմ կինը լինելուց առաջ` նա նախ ՀՀ քաղաքացի է․ Հովիկ Աղազարյանը՝ կնոջ՝ ԱԺ-ում աշխատանքի անցնելու մասին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հանրային լայն շրջանակներում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվությունն առ այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի տիկինը աշխատանքի է անցել ԱԺ-ում: Նույն լուրերի համաձայն՝ ոչ ավել, ոչ պակաս, ցրիչի հաստիքով: Որքանով են տարածված լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել անձամբ Հովիկ Աղազարյանից, ով ի զարմանս մեզ, զարմացած հարցին հարցով պատասխանեց.

Իսկ ինչո՞ւ եք այդ հարցով ինձ դիմում:

Խոսքը Ձեր տիկնոջ մասին է:

Կա համապատասխան վարչություն ԱԺ-ում, դիմեք, թող պատասխանեն, ես ի՞նչ կապ ունեմ Ձեր հարցի հետ:

Ուղիղ կապ, պարոն Աղազարյան, հարցը անմիջականորեն Ձեր տիկնոջն է վերաբերվում, ուստի նպատակահարմար գտանք անձամբ Ձեզանից ճշտել:

Իմ կինը լինելուց առաջ՝ նա նախ ՀՀ քաղաքացի է, իր հետ կապված հարցն ինձ տալու հարց չի:

Այսինքն՝ ո՛չ հաստատում եք, ո՛չ՝ հերքո՞ւմ:

Այսինքն՝ չեմ պատասխանում:

Լավ, պարոն Աղազարյան, կասեք ի՞նչ միջոցներով եք նորակառույց թաղամասում բնակարան գնել:

Բնակարանը ձեռք ենք բերել 63 հազար դոլարով, հիպոթեքով, որի համար ամեն ամիս վճարում ենք: Այս պահին դեռ 50 հազար դոլար պարտք ունենք բանկին: Այդ բնակարանում ապրում ենք ես, կինս, որդիս ու նրա ընտանիքը, բոլորս ներդրում ենք ունենում հիպոթեքը վճարելու մեջ:

Որտե՞ղ է գտնվում Ձեր բնակարանը ու քանի՞ քառակուսի մետր է:

«Անի» թաղամասում, մնացածը իմ անձնականն է, մի մտեք»:

Հ.Գ.- Բայց ի՞նչ բախտավոր մարդիկ են ՔՊ-ականները, ինչի կպնում են, շահավետ է: Այս դեպքում, խոսում են, որ պարոն Աղազարյանը նորակառույց թաղամասում ձեռք է բերել առնվազն երեք սենյականոց բնակարան, եւ դա խելքին մոտ է, հաշվի առնելով, թե քանի հոգով են բնակվում: Ու դրա համար վճարել է ընդամենը 63 հազար դոլա՞ր. Շատ լավ է «կպցրել»: Այ, եթե ՔՊ-ական պատգամավոր չլիներ, կկարողանա՞ր նման գնով բնակարան գնել. Կասկածում ենք:

Ինչ վերաբերվում է պատգամավորի կնոջ աշխատանքի անցնելուն, ապա «չար լեզուները» ասում են, որ Աղազարյանի կինը ԱԺ-ում է հայտնվել ամուսնու ուղիղ միջամտությամբ: Բայց դե «չար լեզուներ» են, ինչ ասես կբամբասեն «խեղճ» պարոն Աղազարյանի մասին: Մեկ, որ կարտոֆիլ վաճառողների հետ է կռվում, որ նրանց «հացն է կտրում», եւ այդպես շարունակ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր