211652_close_icon
views-count910 դիտում article-date 20:47 02-05-2023

Մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 5.4%. Մարտին Գալստյան

«2023 թ. մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է և ամսվա վերջին կազմել 5.4%:  12-ամսյա բնականոն գնաճը ևս զգալիորեն նվազել է՝ կազմելով 6.4%»,-այդ մասին հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով մայիսի 2-ի նիստի խորհրդի որոշումը, որով վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ է թողնվել՝ 10.75%:

Գալստյանը հայտնեց, որ 2023 թ. առաջին եռամսյակում պահպանվել են համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի դանդաղ տեմպերը, ԱՄՆ բանկային համակարգում ձևավորված խնդիրները հիմնականում համակարգային բնույթ չեն կրում և մակրոտնտեսական էական ազդեցություններ չեն ունենա:

Նրա խոսքով՝ Հայաստնի գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն պահպանվող բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը մնում է բարձր, ուստի, դրանց կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները:

Միջազգային կոշտ ֆինանսական պայմանները, ըստ ԿԲ խորհրդի,  նպաստում են ապրանքահումքային շուկաներում գների նվազմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ:

Հայտնելով որ 2023թ-ի սկզբին ՀՀ տնտեսությունում պահպանվել է բարձր ակտիվությունը, որին նպաստել է ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճը՝ Մարտին Գալստյանն ասաց. «Կապիտալի և աշխատուժի շարունակվող մեծ ներհոսքի, զբոսաշրջության զգալի ակտիվացման և ՀՀ տնտեսությունում եկամուտների ավելացման պայմաններում համախառն պահանջարկը մնում է բարձր: Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում 12-ամսյա գնաճը ՀՀ-ում նվազում է: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը և գնաճային սպասումները դեռևս շարունակում են նպաստել աշխատավարձերի և առանձին ապրանքախմբերում ու ծառայություններում բարձր գնաճի պահպանմանը»:

Նա հայտնեց, որ խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն արագորեն կնվազի, առաջիկայում կձևավորվի նպատակային ցուցանիշից ցածր և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

«ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը»,-ամփոփել է գլխավոր դրամատան խորհուրդը:

Նմանատիպ նյութեր