211652_close_icon
views-count1780 դիտում article-date 23:36 27-04-2023

Պատրաստ ենք աջակցել ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանությանը. Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով համայնքի ասորական Սագրադովների տոհմական վերականգնված մատուռի բացմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը,ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իրինա Գասպարյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իրինա Գասպարյանի տեղեկացմամբ նախաձեռնվել է ասորական համայնքի հուշարձանների վերականգնման գործընթաց, և այս մատուռի վերականգնումը այդ գործընթացի մի մասն է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ասորական համայնքին հուշարձանապահպան կարևոր նախաձեռնության համար՝ ընդգծելով. «ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես ոլորտը համակարգող գերատեսչություն, առաջնային է համարում մշակութային ժառանգության պահպանմանն ու պատշաճ հոգ տանելուն ուղղվածցանկացած գործընթաց:Մշտապես պատրաստակամ ենք աջակցելու թե՛ հայկական, թե՛ մեր երկրի անբաժանելի մաս կազմող ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանությանը»:

Նախարարը նշել է, որ ազգային փոքրամասնությունների մշակույթի, ինքնության, լեզվի, կրթության, իրավունքների պահպանությունը պետական առաջնահերթություն է:Նա հույս է հայտնել, որ մշակութային պատկանելության հաստատման այս միջոցառումը լավ առիթ կլինի նաև դպրոցահասակ երեխաների համար՝ այցելելու և ծանոթանալու երկու ազգերի համատեղ պատմությանը, մատուռի՝ որպես հոգևոր կառույցի պատմական հիմքերին:

Մատուռը հիմնադրվել է 19-րդ դարում ասորական համայնքի ներկայացուցիչների միջոցներով:

Միջոցառման մասնակիցները հաջորդիվ այցելել են նաև Դիմիտրով համայնքում գտնվող ասորական Սուրբ Կիրիլ եկեղեցի, որը ևս թվագրվում է 19-րդ դարով:

Նմանատիպ նյութեր