211652_close_icon
views-count22778 դիտում article-date 21:01 26-04-2023

ՔՊ-ի աջակցությամբ Փարաքարում համայնքապետ դարձած Դավիթ Մինասյանը խուլիգանական պատմությունների կիզակետում է կրկին․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը եւ ընկերները ալկոհոլի ազդեցության տակ են երեկ «Կալիֆորնիա» գիշերային ակումբում կատարել խուլիգանական արարքներ: Ակումբում գտնվող այլ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու տվյալներ իրավապահներին հայտնի չեն: Մեր տեղեկություններով, Մինասյանը ձեռքի բաժակն է նետել պատերին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քր. օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն): Դեպքի վայրի զննություն է կատարվել, վերցրել են տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները, մի շարք անձինք են հարցաքննվել, փորձաքննություններ են նշանակվել: Այս պահին անհետաձգելի քննչական վարութային գործողություններ են իրականացվում, ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն: Այս վարույթի շրջանակում կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան:

Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում Մինասյանի մասնակցությամբ տեղի ունեցած թեժ կռվի, խուլիգանության մասին Թաիրովի գյուղապետ Արտեմ Վիրաբյանը տեղեկություններ չուներ: Նա մեզ հետ զրույցում ասաց՝ բացառվում է՝ Դավիթ Մինասյանը ալկոհոլի ազդեցության տակ եղած լինի. «Ալկոհոլ բացառվում է, մանրամասն չեմ կարող ասել, որովհետեւ երեկ ոչ աշխատանքային օր է եղել, չեմ հանդիպել հետը, բայց վստահեցնում եմ՝ լուրերը չափազանցված են»։

Հիշեցնենք, որ համայնքապետ Մինասյանն առաջին անգամ չէ, որ խուլիգանությամբ աչքի է ընկնում ու հայտնվում իրավապահների ուշադրության ներքո: «Դատալեքսից» տեղեկանում ենք, որ դեռ 2009-ին նա «Սկառլետ» կարաոկե բարում վիճաբանել է Դավիթ Փիլոյանի հետ, որից հետո զրուցելու նպատակով պայմանավորվել են հանդիպել Ճառագայթային փողոցի Ա շենքի բակում, որտեղ վերջինս վիճաբանել է Դ Փիլոյանի և ընկերների հետ, և իր մոտ եղած հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակով կրակել է եղբայրներ Գևորգյանների ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Մինասյանը 2009-ին դատարանի որոշմամբ՝ դատապարտվել ազատազրկման 5 տարի ժամկետով, Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Հիշեցնենք նաեւ, որ անցած տարի դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում Փարաքարում հաղթել էր «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը, սակայն «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմեցին կոալիցիա և ներկայացրին իրենց միասնական թեկնածուին` Դավիթ Մինասյանին։ Խուլիգանության համար դատապարտված թեկնածուն՝ Մինասյանը փաստորեն ՔՊ-ի աջակցությամբ համայնքապետ դարձավ:

Aravot.am-ին դեռեւս չի հաջողվել Դավիթ Մինասյանի հետ կապվել, նա շարունակում է անջատել հեռախոսը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 23-ին խուլիգանության դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ այդ օրը, ժամը 02։00-ի սահմաններում Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում խուլիգանություն է տեղի ունեցել։ Նշված վայր էին ժամանել օպերատիվ խումբը՝ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանի և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։Գիշերային ակումբում աշխատակիցները փորձել էին ոստիկաններին մոլորեցնել, հայտնելով, որ ոչինչ տեղի չի ունեցել, և այդ ամենը սուտ է։ Սակայն րոպեների ընթացքում ժամանած ոստիկանները պարզել էին, որ Փարաքար գյուղի բնակիչներ 36-ամյա Դավիթ Մինասյանը և 33-ամյա Գոռ Մարտիրոսյանը  իրենց ընկերների հետ միասին՝ գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել էին նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների, պարուհիների և անվտանգության աշխատակիցների նկատմամբ, դիտավորյալ կոպիտ կերպով՝ շուրջ 10 րոպե շարունակ խախտել հասարակական կարգը, բռնություն էին գործադրել հաճախորդների նկատմամբ և ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետև նույն վարքագիծը դրսևորել ակումբից դուրս ընկած ճանապարհի երթևեկելի հատվածում, խափանել էին ավտոմեքենաների բնականոն երթևեկությունը, այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Դ․ Մինասյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարն է։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Դ․ Մինասյանին, Գ․ Մարտիրոսյանին, ինչպես նաև՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր նաև բացառիկ տեսանյութ, թե իրականում՝ ինչ է տեղի ունեցել գիշերային ակումբում, և որ գլխավոր դերակատարներից մեկը Փարաքարի  գյուղապետ Դավիթ Մինասյանն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր