211652_close_icon
views-count919 դիտում article-date 16:33 17-04-2023

Պետք է դասեր քաղենք և պետք է փոխենք մեր քաղաքական միտքը՝ Կարեն Դեմիրճյանից օրինակ վերցնելով. Մեսրոպ Առաքելյան

Կարեն Դեմիրճյանի գործունեությունը բացառիկ կարևոր է եղել Հայաստանի նորագույն պատմության համար: Եվ մենք՝ նոր սերունդը, պետք է դասեր քաղենք և պետք է փոխենք մեր քաղաքական միտքը՝ նրանից օրինակ վերցնելով: Այս մասին Դեմիճյանի 91-ամյակի առիթով Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Ղեկավարելով Խորհրդային կարգերի շրջանում՝ նրան հաջողվեց ոչ միայն աչքի ընկել իր կատարած աշխատանքով, որն այսօր և՛ Երևանում, և՛ Հանրապետությունում վայելում ենք, այլև հայապահպանությանն ուղղված բացառիկ ծրագրեր իրականացնել: Բավականին բարդ էր խորհրդային կարգերի ժամանակ հայ մշակույթը, լեզուն հասցնել այդքան բարձր մակարդակի: Այդ տեսանկյունից ակնհայտ էր, որ 1999թ. Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի կազմած միասնության դաշինքը էականորեն փոխելու էր Հայաստանի զարգացման վեկտորը»,-ասաց Առաքելյանը:

Վերջինիս խոսքով՝ այդ կարճ ընթացքում նրանց վարած քաղաքականությունը ցույց էր տալիս, որ այն մարտահրավերները, որոնք կային ՀՀ-ի առջև, լրիվ այլ լուծում էին ստանալու. «Ցավոք, այդ ողբերգությունը երկու տասնամյակի ընթացքում իր հետևանքներն ունեցավ մեր պետության զարգացման վրա, քանի որ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ մենք լուրջ խնդիրներ ունեցանք»:

Մեսրոպ Առաքելյանն այսօր չի տեսնում քաղաքական կամք՝ բացահայտելու «Հոկտեմբերի 27»-ի գործը. «Տեղի ունեցած ողբերգությունն ընդամենը մի քանի հոգու սպանությունը չէր, կային պատվիրատուներ: Մինչև 2018թ. գործի չբացահայտման պատճառները բացատրում էին այդ ժամանակվա իշխանությունների կառավարմամբ, սակայն առնվազն ցավալի է, որ վերջին 5 տարվա ընթացքում դրա ուղղությամբ որևէ տեղաշարժ չի եղել: Երկրի զարգացման հարցում շատ կարևոր է «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման կամքը»:

Նմանատիպ նյութեր