211652_close_icon
views-count514 դիտում article-date 16:26 07-04-2023

Ռուսթավին և Իջևանը բարեկամության հուշագիր են ստորագրել

Վրաստանի եւ Հայաստանի երկու քաղաքների՝ Ռուսթավիի եւ Իջեւանի քաղաքապետերը բարեկամության հուշագիր են ստորագրել, տեղեկացրել են վրացական ԶԼՄ-ները։

Փաստաթղթերի տակ ստորագրել են Նինո Լացաբիձեն եւ Արթուր Ճաղարյանը։ Արարողությանը մասնակցելու եւ Վրաստանում բանակցություններ վարելու համար Հայաստանից ներկայացուցչական պատվիրակություն էր ժամանել։

 «Մեր քաղաքի նոր զարգացման փուլում կարեւոր է միջազգային կապեր եւ բարեկամություն հաստատել  նոր քաղաքների հետ»,- ասել է Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեն։

Հուշագիրը վերաբերում է համագործակցությանը եւ փորձի փոխանակմանը տեղական ինքնակառավարման տարբեր հարցերում, ներդրումների ներգրավմանը, պինդ թափոնների հարցի լուծմանը եւ քաղաքային տնտեսության զարգացմանը։

Ռուսթավին Թբիլիսիի արբանյակ-քաղաքն է, մայրաքաղաքից հեռու է ընդամենը 11 կիլոմետր, բնակչությունը՝ մոտ 120 հազար մարդ։

Իջեւանը Հայաստանի Տավուշի մարզի վարչական կենտրոնն է, դրանով է անցնում Երեւան-Թբիլիսի մայրուղին։

Իջեւանը Ռուսթավիի բարեկամ եւ գործընկեր 20-րդ քաղաքն է։ Համագործակցության հուշագրեր են ստորագրվել Ժոդինոյի (Բելառուս), Շվեդիայի ամենահյուսիսային քաղաքի՝ Կիրունի, լեհական Պլոցկի, Լոձի, Գդինյա Պրուշկուվի, Ուկրաինայի միանգամից հինգ քաղաքների՝ Կրիվոյ Ռոգի, Խմելնիցկու, Վիննիցայի, Չերկասիի եւ Իվանո-Ֆրանկովսկի, թուրքական Ինեգյոլի, ադրբեջանական Սումգայիթի հետ։ Բալթիայում այդ քաղաքներն են Ակմյանեն եւ Պանեւիժիսը (Լիտվա) եւ Դաուգավպիլսը (Լատվիա)։ Ռուսթավիի գործընկերներից են Ֆիլիպինների Սանտյագոն եւ Կուայանը, նաեւ Շաոգուան քաղաքը չինական Գուանդուն  նահանգում։

Նմանատիպ նյութեր