211652_close_icon
views-count27501 դիտում article-date 17:27 04-04-2023

Քեզ բացակա չենք դնի՝ լեգենդ դարձած հերոս, արեշցի Հակոբ Էյլենջյան․ դու ամուր մնացիր, ինչպես Էրեբունի ամրոցը, ու մնացիր հավերժ զինվոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ է բնակվել 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական բաշիբոզուկների կողմից հարձակման հետևանքով զոհված ժամկետային զինծառայող լեգենդ դարձած հերոս Հակոբ Էյլենջյանը։

19-ամյա հերոսը Նոր Արեշից է մեկնել ծառայության։ Տունը, որտեղ ապրել է հերոսը, գրեթե միշտ մարդաշատ է։ Թե՛ նրան ճանաչողները, թե՛ անծանոթները այցելում են տուն, ծաղիկներ խոնարհում տան մի անկյունում՝ որպես թանգարանի վերածված և այնտեղ տեղադրված Հակոբի նկարների առջև։

Այս տարվա մարտի 10-ին Երևանի Դրամատիկական թատրոնի դահլիճում պետական պարգևների արժանացան 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ նահատակված, լեգենդ դարձած մի խումբ հերոսներ։ Այդ հերոսների մեջ էր նաև 19-ամյա Հակոբ Եղիայի Էյլենջյանը։

Պետական պարգևը ստացավ հերոսի հայրը։ 
-
Կրտսեր սերժանտ ՀԱԿՈԲ ԵՂԻԱՅԻ ԷՅԼԵՆՋՅԱՆ - ՀՀ ՊՆ 60369 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 1-ին հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի ԱԳՍ-17-ի ջոկի հրամանատար ավագ նշանառու

Կրտսեր սերժանտ Հակոբ Եղիայի Էյլենջյանը զինվորական ծառայության զորակոչվել է 2021թ. փետրվարի 16-ին: Անցնելով «Երիտասարդ մարտիկի դասընթացը», ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ 60369 զորամասի 1-ին հրաձգային գումարտակում որպես 1-ին հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի ԱԳՍ-17-ի ջոկի հրամանատար-ավագ նշանառու: Ծառայության ընթացքում կրտսեր սերժանտ Հ. Էյլենջյանը աչքի է ընկել ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարմամբ, օրինակելի կարգապահությամբ, մասնագիտական գիտելիքների իմացությամբ, ցուցաբերել է կրտսեր հրամանատարին հատուկ որակներ, ինչպես նաև աչքի է ընկել ընկերասիրությամբ և ծառայակից ընկերների նկատմամբ անսահման հոգատարությամբ։ Կրտսեր սերժանտ Հ. Էյլենջյանը մշտապես իրականացրել է մարտական հերթապահություն հակառակորդի հետ անմիջական շփման և բարդ լեռնային պայմաններում, որը կատարել է մեծ պատասխանատվությամբ, հայրենիքի հանդեպ նվիրվածությամբ և գիտակցումով:

2022թ. սեպտեմբերի 13-ի դրությամբ կրտսեր սերժանտ Հակոբ Եղիայի Էյլենջյանը մարտական հերթապահություն էր իրականացնում թիվ 191 մարտական դիրքում, որտեղ էլ մասնակցել է սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված մարտական գործողություններին: Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է բացառիկ քաջություն, կամային բարձր որակներ, հակառակորդին հասցրել է մեծաթիվ մարդկային կորուստներ, ինչպես նաև կովել և քաջի մահով ընկել Հանուն հայրենիքի սահմանների անառիկության:

ՀՀ ՊՆ ԹԻՎ  ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ գնդապետ Ա. ՆԱԶԱՐՅԱՆ
-

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող, հերոս Հակոբ Էյլենջյանը

19-ամյա Հակոբը Երեւանի Նոր Արեշ թաղամասից էր: Նա սովորել էր Երեւանի թեթեւ արդյունաբերական քոլեջում: Հակոբն ապագա ծրագրավորող էր:

«Հակոբը կարող էր բանակ զորակոչվել ուսումն ավարտելուց հետո, սակայն նախորդ տարվա հունվարին դիմում գրեց ու կամավոր զորակոչվեց բանակ: Շատ էր ցանկանում մասնագիտանալ իր աշխատանքում, վերադառնալուց հետո անպայման շարունակելու էր ուսումը»։

Հակոբը զբաղվել էր ըմբշամարտով: Տիրապետում էր կաշվեգործության:

«Հակոբը խելացի, համեստ, դաստիարակված տղա էր: Իրեն սիրում էին բոլոր ուսուցիչները: Տաղանդավոր երեխա էր, դպրոցական տարիներին՝ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների ընթացքում, ինքը մեր փողոցում իր սեփական փոքրիկ տաղավարն ուներ, որտեղ իր ձեռագործ իրերն էին ցուցադրվում»,- նշեց Հակոբի դասղեկը՝ Գոհար Համբարձումյանը:

Հակոբը ծառայում էր Գորիսում: Նա պետք է զորացրվեր 2023 թվական փետրվարին: Ընտանիքի փոքր զավակն էր, ուներ իրենից մեծ քույր։

Հակոբը զոհվել է Իշխանասարի ուղղությամբ մղված մարտերում՝ դիպուկահարի կրակոցից։

Հակոբը եղել է սեպտեմբերի 20-ին Ադրեբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր