211652_close_icon
views-count52765 դիտում article-date 19:56 14-09-2023

«Քեզ բացակա չենք դնի. լույս էիր՝ լույս դարձար հանուն Հայաստանի անվտանգության կյանքդ նահատակած, լեգենդ դարձած հերոս Հակոբ Էյլենջյան». երեկ հերոսի մահվան տարելիցն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, Նուբարաշենի գերեզմանատուն էին այցելել 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով նահատակված, լեգենդ դարձած հերոս, ժամկետային զինծառայող Հակոբ Էյլենջյանի հարազատները, ընկերները՝ այդ թվում զինակից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ հերոսի մահվան տարելիցն էր, ինչի առթիվ ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսի շիրիմին, որից հետո հոգևոր հովիվի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ, ապա տեղի ունեցավ խնկարկում: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ է բնակվել 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական բաշիբոզուկների կողմից հարձակման հետևանքով զոհված ժամկետային զինծառայող լեգենդ դարձած հերոս Հակոբ Էյլենջյանը։

19-ամյա հերոսը Նոր Արեշից է մեկնել ծառայության։ Տունը, որտեղ ապրել է հերոսը, գրեթե միշտ մարդաշատ է։ Թե՛ նրան ճանաչողները, թե՛ անծանոթները այցելում են տուն, ծաղիկներ խոնարհում տան մի անկյունում՝ որպես թանգարանի վերածված և այնտեղ տեղադրված Հակոբի նկարների առջև։

Այս տարվա մարտի 10-ին Երևանի Դրամատիկական թատրոնի դահլիճում պետական պարգևների արժանացան 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ նահատակված, լեգենդ դարձած մի խումբ հերոսներ։ Այդ հերոսների մեջ էր նաև 19-ամյա Հակոբ Եղիայի Էյլենջյանը։

Պետական պարգևը ստացավ հերոսի հայրը։ 
-
Կրտսեր սերժանտ ՀԱԿՈԲ ԵՂԻԱՅԻ ԷՅԼԵՆՋՅԱՆ - ՀՀ ՊՆ 60369 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 1-ին հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի ԱԳՍ-17-ի ջոկի հրամանատար ավագ նշանառու

Կրտսեր սերժանտ Հակոբ Եղիայի Էյլենջյանը զինվորական ծառայության զորակոչվել է 2021թ. փետրվարի 16-ին: Անցնելով «Երիտասարդ մարտիկի դասընթացը», ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ 60369 զորամասի 1-ին հրաձգային գումարտակում որպես 1-ին հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի ԱԳՍ-17-ի ջոկի հրամանատար-ավագ նշանառու: Ծառայության ընթացքում կրտսեր սերժանտ Հ. Էյլենջյանը աչքի է ընկել ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարմամբ, օրինակելի կարգապահությամբ, մասնագիտական գիտելիքների իմացությամբ, ցուցաբերել է կրտսեր հրամանատարին հատուկ որակներ, ինչպես նաև աչքի է ընկել ընկերասիրությամբ և ծառայակից ընկերների նկատմամբ անսահման հոգատարությամբ։ Կրտսեր սերժանտ Հ. Էյլենջյանը մշտապես իրականացրել է մարտական հերթապահություն հակառակորդի հետ անմիջական շփման և բարդ լեռնային պայմաններում, որը կատարել է մեծ պատասխանատվությամբ, հայրենիքի հանդեպ նվիրվածությամբ և գիտակցումով:

2022թ. սեպտեմբերի 13-ի դրությամբ կրտսեր սերժանտ Հակոբ Եղիայի Էյլենջյանը մարտական հերթապահություն էր իրականացնում թիվ 191 մարտական դիրքում, որտեղ էլ մասնակցել է սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված մարտական գործողություններին: Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է բացառիկ քաջություն, կամային բարձր որակներ, հակառակորդին հասցրել է մեծաթիվ մարդկային կորուստներ, ինչպես նաև կովել և քաջի մահով ընկել Հանուն հայրենիքի սահմանների անառիկության:

ՀՀ ՊՆ ԹԻՎ  ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ գնդապետ Ա. ՆԱԶԱՐՅԱՆ
-

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող, հերոս Հակոբ Էյլենջյանը

19-ամյա Հակոբը Երեւանի Նոր Արեշ թաղամասից էր: Նա սովորել էր Երեւանի թեթեւ արդյունաբերական քոլեջում: Հակոբն ապագա ծրագրավորող էր:

«Հակոբը կարող էր բանակ զորակոչվել ուսումն ավարտելուց հետո, սակայն նախորդ տարվա հունվարին դիմում գրեց ու կամավոր զորակոչվեց բանակ: Շատ էր ցանկանում մասնագիտանալ իր աշխատանքում, վերադառնալուց հետո անպայման շարունակելու էր ուսումը»։

Հակոբը զբաղվել էր ըմբշամարտով: Տիրապետում էր կաշվեգործության:

«Հակոբը խելացի, համեստ, դաստիարակված տղա էր: Իրեն սիրում էին բոլոր ուսուցիչները: Տաղանդավոր երեխա էր, դպրոցական տարիներին՝ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների ընթացքում, ինքը մեր փողոցում իր սեփական փոքրիկ տաղավարն ուներ, որտեղ իր ձեռագործ իրերն էին ցուցադրվում»,- նշեց Հակոբի դասղեկը՝ Գոհար Համբարձումյանը:

Հակոբը ծառայում էր Գորիսում: Նա պետք է զորացրվեր 2023 թվական փետրվարին: Ընտանիքի փոքր զավակն էր, ուներ իրենից մեծ քույր։

Հակոբը զոհվել է Իշխանասարի ուղղությամբ մղված մարտերում՝ դիպուկահարի կրակոցից։

Հակոբը եղել է սեպտեմբերի 20-ին Ադրեբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում:

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 421+
421+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր