211652_close_icon
views-count58108 դիտում article-date 16:14 25-03-2023

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում գործող կվադրոպարկում․ 25-ամյա աղջիկը մոտոցիկլից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 14․10-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ աղջիկ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանն ու Ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ Հրաչյա Աթաբեկյանը։



Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 25-ամյա Լուսինե Ղուկասյանն է, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն ու ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները պարզել են, որ ժամը 13․30-ի սահմաններում Կոտայքի մարզի Հացավան գյուղում՝ որպես կվադրոպարկ օգտագործվող տարածքում ( այնտեղ հիմնականում կատարվում են մրցումներ, այդ թվում՝ սիրողական), Լ․Ղուկասյանը անզգուշաբար մոտոցիկլից վայր է ընկել և ստացել վնասվածքներ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր