211652_close_icon
views-count1102 դիտում article-date 13:38 25-03-2023

Ներքին գործերի նախարարությունը պատրաստակամ է աջակցելու «Հաւք» ԱԹՍ մրցույթին․ Արփինե Սարգսյան

Մարտի 24-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Սաթենիկ Մնացականյանին, Արման Պողոսյանին և Վահան Վարդանյանին։

Հյուրերը ՆԳ փոխնախարարին են ներկայացրել «Հաւք» ԱԹՍ մրցույթի նպատակն ու անցկացման մանրամասներ։

Փոխնախարար Սարգսյանը ողջունել է հյուրերին և կարևորել նման միջոցառումների անցկացումը, որոնք միտված են բարձրացնելու փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը: Արփինե Սարգսյանը Ներքին գործերի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրին։

Հանդիպմանը քննարկվել են մրցույթի անցկացմանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նշենք, որ «Հաւք» մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարար միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով լուծումներ առաջարկելը:

Այն անցկացվում է երեք անվանակարգում՝ դպրոցական, սիրողական և մասնագիտացված։ Մասնակից խմբերին, համապատասխանաբար, առաջադրվում են պարզ, միջին և բարդ խնդիրներ։

Այս տարի «Հաւք 2023» մրցույթը կանցկացվի սեպտեմբերին՝ Լոռու մարզի Լեռնապատ գյուղում:

Հայտերի ընդունումն արդեն սկսվել է։ Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մարտի 16-ից ապրիլի 5-ը։

Հայտերն ընդունվում են հետևյալ հղմամբ։

Նմանատիպ նյութեր