211652_close_icon
views-count997 դիտում article-date 23:49 23-03-2023

Հայ խորհրդարանականները Կիպրոսում քննարկել են ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի Կիպրոս այցելելու հնարավորությունը

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատվիրակության անդամներ, ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանը մասնակցել են Կիպրոսի Հանրապետության Լիմասոլ քաղաքում տեղի ունեցած Վեհաժողվի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների և զեկուցողների նիստի աշխատանքներին:

ԱԺ-ից  հայտնում են, որ եռօրյա այցի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպումներ են ունեցել Կիպրոսի Հանրապետության նորընտիր նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի եւ ԱԳ նախարար Կոնստանդինոս Կոմբոսի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Կիպրոս համագործակցությանը, ՀՀ քաղաքացիների համար Կիպրոսի Հանրապետություն` առանց մուտքի արտոնագրի առկայության այցելության հնարավորությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի` Հայաստանի Հանրապետություն սպասվող պաշտոնական այցին:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության նիստի ընթացքում Սիսակ Գաբրիելյանը Հայաստանի եւ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել կազմակերպության նախագահին` Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի` կենսական նշանակության ճանապարհը փակելու հարցում կոշտ եւ հասցեական դիրքորոշում արտահայտելու համար: Նշվել է նաեւ Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, հույն պատգամավոր Մաքսիմոս Խարակոպուլոսը տեղեկացրել է, որ իր կոշտ եւ քննադատական հայտարարությունների համար պարբերաբար զանգեր եւ նամակներ է ստանում Հունաստանում Ադրբեջանի դեսպանատնից: Նա նշել է, որ հավատարիմ է մնալու իր` մարդու իրավունքների պաշտպանության հարցում որդեգրած արժեքներին:

Ի նշան բողոքի` Մաքսիմոս Խարակոպուլոսը դուրս է եկել Հունաստան-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խմբից:

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ առաջիկայում կայանալիք վեհաժողովին առնչվող հարցեր ու առաջարկություններ:

Նմանատիպ նյութեր