211652_close_icon
views-count1423 դիտում article-date 19:44 22-03-2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մասնակցել են «Փոփոխությունների նկատմամբ դիմադրության հաղթահարում և աշխատակիցներին աջակցություն» խորագրով աշխատաժողովին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մասնակցել են «Փոփոխությունների նկատմամբ դիմադրության հաղթահարում և աշխատակիցներին աջակցություն» խորագրով աշխատաժողովին, որը տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Աշխատաժողովին մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսներ, ուսանողներ։

Աշխատաժողովին դասախոսությամբ հանդես եկավ Միացյալ Թագավորության Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետի և Յորքի համալսարանի Եվրոպական մասնաճյուղի մշտական անդամ, պրոֆեսոր Լեսլի Թոմաս Սզամոսին։

Աշխատաժողովի բացման խոսքում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ այսօր բոլոր մակարդակներում՝ պետական կառավարման համակարգ, մասնավոր հատված և այլն, մի շարք մարտահրավերներ կապված են աշխատանքի ճիշտ կազմակերպման, այդ համակարգերում ներգրավված անձանց մոտեցումների, պատկերացումների, մարդկային փոխհարաբերությունների, մարդկային ռեսուրսների կառավարման հետ։ Այս բոլոր փոխհարաբերությունները ստեղծում են որոշակի դժվարություններ, որոնք պետք է կարողանալ հաղթահարել, արդյունավետ համագործակցել՝ բարձրացնելով աշխատանքի որակը։ Եվ հրավիրված աշխատաժողովը միտված է հենց այդ հարցերը քննարկելուն։

Պարոն Սզամոսին թեմայի շուրջ իր դասախոսության ընթացքում ներկայացեց փոփոխության նկատմամբ դիմադրության հաղթահարման և փոփոխություններին հարմարվելու անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը։ Նա մանրամասն խոսեց այն իրավիճակների մասին (անձնական, աշխատանքային), որոնք ի հայտ են գալիս փոփոխությունների, դրանց դիմակայելու ժամանակ։ Որոշ մարդիկ, ղեկավարներ կամ կազմակերպություններ վախենում են փոփոխություններից, այսինքն՝ անհայտից, սովորություններն ու արդեն ընդունված նորմերը փոխելուց, ընդ որում, հաճախ այդ վախերը գալիս են ինֆորմացիայի պակասից: Նշվեց, որ փոփոխությունը կախված է նաև տրամադրվածությունից: Բանախոսը շեշտեց, որ ցանկացած փոփոխություն իր մեջ հնարավորություն է պարունակում, որ կարող է հանգեցնել կատարելագործման, նոր հեռանկարների։ Եվ շատ բան կախված է նրանից, թե մարդը որքանով է բաց, ընկալունակ փոփոխությունների համար։ Մասնավորապես, բերվեց քովիդով պայմանավորված սահմանափակումների օրինակը, երբ ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ կառավարիչները, կազմակերպությունները, աշխատողները, մարդիկ ստիպված էին վերանայել իրենց վարքագիծը, գործելակերպը, կազմակերպչական ձևերը։ Ու շատ երևույթներ, որ մինչև քովիդյան ժամանակաշրջանը համարվում էին անհնար, դարձան նորմ։

Խոսելով կազմակերպչական փոփոխությունների ու դրանց նկատմամբ դիմադրությունը հաղթահարելու մասին՝ բանախոսը շեշտեց, որ անհրաժեշտ է, որպեսզի ընկերություններում լինի սերտ հաղորդակցություն, փոխգործակցություն, բացատրվի փոփոխությունների պատճառը, դրանց դրական կողմերն ու հեռանկարները: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն ղեկավարներն ու կազմակերպությունները, որոնք պատրաստ են փոփոխությունների, ավելի արագ են զարգանում։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին թեմային առնչվող բազմաթիվ օրինակներ, իրավիճակներ։ Բանախոսը պատասխանեց նաև ներկաների հարցերին։

 

Նմանատիպ նյութեր