211652_close_icon
views-count70987 դիտում article-date 12:05 17-03-2023

Արտառոց գողություն Շիրակի մարզում․ գյուղացիներն ասում էին․ «Մարզպետն ու թեկնածուն ուզեցին «հարսի ո․․ով» լավություն անեին, էն էլ՝ տղերքը բռնվեցին»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 7-ին արտառոց գողության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ 

Այդ օրը ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 56-ամյա Աշոտ Ռ․-ն և հայտնել, որ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում տրակտորով կարմրահող են գողանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են մեկնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ա․ Կարապետյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները։

Ոստիկաններն ու պարեկները տեղում հայտնաբերում են ЗИЛ մակնիշի բեռնատար ավտոմեքենա՝ ամբողջությամբ բարձված խճաքարով։

Նշված տեղանքում հայտնաբերում են նաև կայանված վիճակում գտնվող առանց համարանիշների «ՔԱՏ» մակնիշի տարակտոր։ 

Ոստիկաններն ու պարեկները ЗИЛ-ի և տրակտորի վարորդներին հրավիրում են Ոստիկանության Անիի բաժին, որտեղ պարզվում է, որ բեռնատարի վարորդը Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Երեմ Ա․-ն է, իսկ տրակտորի վարորդը Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Ռոման Ս․-ն։

Վերջիններս հայտնել են, որ առանց որևէ մեկին տեղյակ պահելու, նշված տեղանքից բարձել են «Սինո Հիդրո Քորպորեյշն» ՍՊԸ-ին պատկանող մոտ 5 խ/մ խճաքար Սառնաղբյուր գյուղի գերեզմանոցի ճանապարհին լցնելու և հարթեցնելու նպատակով։

ЗИЛ բեռնատարն ու տրակտորը տեղափոխվել են Ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

ЗИЛ-ի վարորդն ու տրակտորավարը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 

Դեպքի փաստով՝ անձնական ունցվածքի գողություն հատկանիշներով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի  քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում և քննչական բաժնում ունեն օպերատիվ տեղեկություններ, որ խճաքարի գողությունը կատարվել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի և Անիի խոշորացված համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ցուցումով։ 

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ մարզպետը Անի խոշորացված համայնքի թեկնածուի հետ այցելել է Սառնաղբյուր գյուղ, հանդիպել բնակիչների հետ, որի ժամանակ հորդորել է, որպեսզի ընտրողները ընտրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին։

Ու այդ ժամանակ գյուղացիները հարց են բարձրացրել և նրա առջև խնդիր դրել․ «Ոչ մի իշխանության օրոք մեր գյուղի բազմաթիվ ճանապարհներ չեն վերանորոգվում, անգամ չեն կատարվում փոսալցման աշխատանքներ, մինչդեռ ընտրություններից առաջ սարեր են խոստանում։ Հիմա ի՞նչ․ հավատա՞նք, որ մեր գյուղի ճանապարհները գոնե քերած ասֆալտով կասֆալտապտեք»։

Ու ըստ գյուղացիների հայտնած տեղեկությունների՝ մարզպետը Անի խոշորացված համայնքի ղեկավարին դիմել է, որ այդ հարցը պետք է մինչև ընտրությունների օրը լուծվի, ինչին թեկնածուն ասել է․ «Չինացիների տարածքից մի քանի ավտո շիբին ա, կբերենք, կլցնենք, ու խնդիրը կլուծվի»։

Ու մարդիկ գործի են անցել։ Սակայն այն ավարտին չեն հասցրել, քանի որ Ոստիկանության Անիի բաժին քաղաքացու ահազանգով՝ անձնական ունեցվածքի գողության փաստին ոստիկաններն ու պարեկները օպերատիվ են արձագանքել։

Հիմա մարզպետն ու ՔՊ-ական թեկնածուն մտածում են՝ ինչպես անեն, որ խճաքարերը տեղափոխող մարդիկ իրավապահներին իրենց անունները չտան։

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու Շիրակի մարզպետի և Անի խոշորացված համայնքի ՔՊ-ական թեկնածուի տեսակետները։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մի քանի գյուղացիներ, ովքեր խնդրեցին, որպեսզի իրենց ինքնությունը չբացահայտվի, ասում էին․ «Էս մարզպետն ու թեկնածուն լրիվ հայտնվել են էն վիճակում, երբ ասում են՝ «հարսի ո․․․ով փեսուն լավություն էին ուզում անեին», էն էլ՝ միլիցեքն ու պարեկները մեր գյուղացի տղեքին բռնեցին»

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր