211652_close_icon
views-count1126 դիտում article-date 21:01 13-03-2023

Արմավիրի մարզում մեկնարկել են 7 նոր բժշկական ամբուլատորիաների կառուցման աշխատանքները

Արմավիրի մարզում մեկնարկել է Արմավիրի մարզում թվով 7 նոր բժշկական ամբուլատորիաների կառուցման աշխատանքների գործընթացը, որի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախարարության, մարզպետարանի և համայնքապետարանի պատասխանատուների հետ այցելել են «Նալբանդյանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ՝ ծանոթանալու նորակառույց անբուլատորիայի շենքային պայմաններին, հնարավորություններին և հագեցվածությանը և դիտարկելու նման ֆորմատով ամբուլատոիաներ կառուցելու հարցը: Տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից։

Նախարարը նշել է, որ հանրապետության մարզերում 2023 թվականին նախատեսվում է կառուցել 20 ամբուլատորիա և 5 պոլիկլինիկա, որոնց նախագծման աշխատանքները ներառված են բյուջեում:

20 անբուլատորիաներից 7-ը կառուցվելու է Արմավիրի մարզում:

«Այցի նպատակն է ծանոթանալ նման գյուղական ամբուլատորիայի ֆորմատին՝ հասկանալու թե՛ չափերի, թե՛ հարմարավետության, թե՛ որոշակի կուտակված փորձի մասով ինչ ունենք լրացնելու, որ հաջորդ ամբուլատորիաների նախագծմանը շատ ավելի պատրաստված լինենք»,- իր խոսքում նշել է նախարարը:

Ամբուլատորիաները տեղակայված են լինելու Գայ, Ջրառատ, Շենավան, Տանձուտ, Վարդանաշեն, Խանջյան, Նորապատ բնակավայրերում: Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների կողմից ուսումնասիրվել էին հողատարածքների վերաբերյալ Արմավիրի մարզպետարանի առաջարկությունը և արձանագրվել, որ ներկայացված հողատարածքներն ընդհանուր առմամբ ընդունելի են բժշկական կազմակերպությունների շենքերի կառուցման համար։ Այս պահին իրականացվում են հողային հատկացումների աշխատանքները:

Այնուհետև մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, ինչպես նաև կառավարության կողմից բժշկական կենտրոնին տրամադրված 130,250.0 հազար ՀՀ դրամով ձեռք բերված սարքավորումներին (անզգայացման ապարատ, էՕՊ, թվային ռենտգեն սարք, էնդոսկոպիկ ապարատ, սոնոգրաֆիա):

Կառավարության 22.12.2022 թվականի նիստում գործադիրը հավանության էր արժանացրել Արմավիրի մարզի առողջապահական հաստատություններին 205, մլն 380.0 հազար դրամ գումար հատկացնելու նախագիծը՝ բժշկական սարքավորումներ ձեռքբերելու նպատակով:

Ձեռք բերված սարքավորումներն շահագործման են հանձնվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերից:

Նախարարի շրջայցի վերջին այցն Արմավիրի բուժկենտրոնի երեխայի զարգացման և վերականգնողական բաժանմունքն էր, որտեղ ծանոթացել է կենտրոնի հնարավորություններին, տրամադրվող ծառայություններին:

Այցի վերջում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մարզի առողջապահության ոլորտում թեև խնդիրները բազմազան են, բայց առաջնային օղակում գտնվող խնդիրների լուծման շարքում ամեն ինչ արվում է համայնքներում բուժամբուլատորիաների և համայնքային ենթակառուցվածքների շատ շենքերի վերանորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև բուժամբուլատորիաների, բժշկական կենտրոնների կահավորման, սարք- սարքավորումների ձեռքբերման և մասնագիտական հմտությունների բարելաման առումով: Նմանատիպ աշխատանքները շարունական են լինելու՝ մարզում բժշկական ծառայությունների որակը բարելավելու նպատակով:

Նմանատիպ նյութեր