211652_close_icon
views-count1183 դիտում article-date 20:05 03-03-2023

Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ հանձնառությունները կատարելու չկամության մասին․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳ նախարարությունը անդրադարձել է մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումների կողմից  2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարըի խախտմանը։ ԱԳՆ մեկնաբանություն է տարածել, որում ասվում է․

«Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումից անմիջապես հետո։

Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտության համատեքստում հումանիտար և ենթակառուցվածքային հարցերով կողմերի միջև կայացած քննարկումների ֆոնին, Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իր՝ այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից բխող հանձնառություններն անվերապահորեն կատարելու չկամության մասին։

Այս առումով անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային հանրությունը շարունակի Ադրբեջանի վրա ճնշման գործադրման կոնկրետ միջոցների իրականացումը՝ զսպելու վերջինիս ապակառուցողական գործողություններն ու մտադրությունները, որոնք միտված են հարցերն ուժային ճանապարհով լուծելուն»։

Նմանատիպ նյութեր