211652_close_icon
views-count172690 դիտում article-date 20:18 28-02-2023

Արմավիրի մարզում աները կրակոցով սպանել է 31-ամյա փեսային. Վաղարշապատի ոստիկանների պրոֆեսիոնալիզմը տվեց իր արդյունքը. զինված հանցագործը վնասազերծվեց. ոստիկանները կանխեցին վենդետան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ գյուղի Թումանյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արամավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը ժամանել են նաև Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը և Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը:

Ժամանելով նշված գյուղ՝ Թումանյան փողոցի 20 տան մոտ ոստիկանները հայտնաբերում են Opel մակնիշի ավտոմեքենա, որի աջ կողմում՝ գետնին, հայտնաբերում են հրազենային վնասվածքներով տղամարդու դի:

Ահազանգով օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիետի Արմավիրի մարզային քննչական վաչության պետ Սամվել Սիմոնյանը, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արամ Ղուկասյանը, Գալուստ Երոյանն ու  Մարտիրոս Մանասյանը:

Ոստիկանները ու քննիչները պարզում են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Մ.-ն է, ու մինչ ոստիկանները ու քննիչները սպասում էին դատաբժշկի ժամանմանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կ. Հակոբյանն ու Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ա. Բդոյանը մի քանի գյուղացիների հետ զրույցում պարզում են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արմեն Խանոյանն է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյուղացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սպանվածը գյուղում ամենահարգված երիտասարդներից էր, իր ընտանիքին նվիրված: Իմացանք, որ աները՝ ով Զովունիում է ապրում, տաքսով եկել է գյուղ ու որսորդական հրացանով կրակել փեսուն սպանել: Էդ աներ կոչեցյալը պիտի մատաղ անի, որ Էջմիածնի ոստիկանները  շուտ դրա թաքնվելու տեղը իմացան ու բռնեցին, եթե մենք հայտնաբերեինք ավելի դաժան ձևի սպանելու էինք նրան ու հետո մեզ մեղադրելու էին վենդետայի մեջ: Իմացանք որ ոստիկանները բռնել են ղամիշների միջից ու զենքը նաև լիցքավորված է եղել 2 փամփուշտով: Էտի հաստատ գործի կդներ այդ փամփուշտները կկրակեր իրեն վնասազերծողների վրա, մենակ թե գյուղից շուտ կարողանար փախներ»:

Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր, արնանման պարագաներ որպես տաքսի շահագործվող Opel-ի մեջ, արյունոտված բահ, իսկ ղամիշների մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք հրազենը և բջջային հեռախոսը, որի վրա կա արնանման հետքեր:

Գյուղ են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատում է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ավագ փորձաքրեագետ Արայիկ Նավասարդյանը:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ Ա. Խանոյանը ձերբակալվել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ոստիկաններին հաջողվեց կարճ ժամանակում գյուղում իրավիճակը վերցնել իրենց վերահսկողության տակ, ինչի շնորհիվ կանխվեց վենդետան: Opel-ը քննիչի հանձնարարականով տեղափոխվեց Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 211+
211+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր