211652_close_icon
views-count925 դիտում article-date 15:43 22-02-2023

Մհեր Գրիգորյանը և Քերըն Մյուրեյը քննարկել են ԱԶԲ մասնակցությունը ենթակառուցվածքային ծրագրերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկում (ԱԶԲ) Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի տեղակալ Քերըն Մյուրեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԶԲ եվրոպական երկրների խմբի տնօրենի տեղակալ Ալբետո Սերդանը և ԱՄՆ խմբի տնօրենի տեղակալ Մուշումի Խանը և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաուլո Սպանտիգատին: Հայտնում է Կառավարությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակման փուլում գտնվող ԱԶԲ և Հայաստանի միջև երկրի գործընկերության նոր ռազմավարության հիմնական ուղղությունների շուրջ: Այս համատեքստում քննարկվել է ԱԶԲ մասնակցությունը ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում՝ ճանապարհաշինության, էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում:

Փոխվարչապետը գործընկերներին ներկայացրել է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներում ԱԶԲ ներգրավվածության կարևորությունը, այդ թվում՝ փորձագիտական ներուժի մոբիլիզացման տեսանկյունից: Քննարկվել են նաև թվայնացման և հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցությունը, մասնավորապես կապիտալի շուկայի ձևավորման, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված գործընկերության կարգավորումների կատարելագործման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր