211652_close_icon
views-count916 դիտում article-date 11:59 15-02-2023

Բանգլադեշն իր ծովային տարածք ռուսական 69 նավերի մուտքի սահմանափակումներ է մտցրել

Բանգլադեշը միացել է Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին եւ իր ծովային տարածք ռուսական 69 նավերի մուտքի սահմանափակումներ է մտցրել, տեղեկացրել է The Financial Express-ը։

Արգելքը տարածվում է նաեւ նավթային լցանավերի եւ բեռնատար նավերի վրա, որոնք տնօրինում են յոթ ընկերություններ։ Սահմանափակումները նշանակում են, որ ներմուծման կամ առաքման ոչ մի գործակալ չի կարող ապրանքներ ներմուծել ցանկացած երկրից՝ օգտագործելով այդ ռուսական նավերը։

Հրապարակման մեջ նաեւ նշվել է, որ վերջերս Ռուսաստանից Ռուպպուր ԱԷԿ-ի (որը կառուցվում է Ռուսաստանի հետ համատեղ) շինարարության համար բեռներ տեղափոխող նավին արգելվել է հատել Բանգլադեշի ծովային սահմանը «ԱՄՆ-ի դիվանագիտական ճնշման պատճառով»։ Նավը փորձել է կառանել հնդկական Խալդիա նավահանգստում, որպեսզի տեղ հասցնի բեռը, բայց դա էլ է արգելվել։ Նավը բեռով վերադարձել է Ռուսաստան։

Բանգլադեշում Ռուսաստանի դեսպանությունը հաստատել է այս տեղեկությունը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «2023թ. հունվարին Բանգլադեշի ԱԳՆ-ն երկրի իրավասու գերատեսչություններին է հանձնել ռուսական 69 նավերի ցուցակը, որոնց արգելվել է մտնել ազգային նավահանգիստներ՝ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին համապատասխան»,- ասել են դեսպանությունում։

Այնուամենայնիվ,  դիվանագիտական ներկայացուցչությունում ընդգծել են, որ այս քայլը չի նշանակում ներմուծման դադարեցում Ռուսաստանից, քանի որ սահմանափակումների են ենթարկվել կոնկրետ նավեր։ Դա նաեւ չի ազդի Բանգլադեշ ռուսական ցորենի մատակարարման վրա։ Դեսպանությունում նշել են, որ 2022թ. հուլիսից մինչեւ 2023թ. հունվար երկիր է առաքվել 920 հազար տոննա ցորեն։

«Ռոսատոմ» պետական կորպորացիայում ՌԲԿ-ին ասել են, որ Բանգլադեշի միանալը ռուսական նավերի դեմ պատժամիջոցներին չի ազդի Ռուպպուրի ատոմակայանի կառուցման վրա։

«ԱԷԿ-ի կառուցումը շարունակվում է ժամանակացույցին համապատասխան։ <...> Ինչ վերաբերում է ԱԷԿ-ի սարքավորումների մատակարարմանը, ապա եզակի դեպք է, երբ լոգիստիկ ընկերությունը, որը բեռան մատակարարում է իրականացնում Բանգլադեշ, բախվել է նավահանգիստ մտնելու սահմանափակման հետ»,- ասել են կորպորացիայում։

Նմանատիպ նյութեր