211652_close_icon
views-count1204 դիտում article-date 12:16 10-02-2023

ԱՄՆ-ը 6 ամսով չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ երկրաշարժի հետևանքների վերացմանն օգնելու համար

Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները 6 ամսով չեն տարածվի այն գործարքների վրա, որոնք վերաբերում են երկրաշարժի հետ կապված օգնության տրամադրմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից փետրվարի 9-ին հրապարակված լիցենզիան։

«ԱՄՆ Գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը հրապարակել է Սիրիայի թիվ 23 ընդհանուր լիցենզիան, որը 180 օրով թույլ է տալիս իրականացնել երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված բոլոր գործարքները, որոնք հակառակ դեպքում կարգելվեին՝ համաձայն Սիրիայի դեմ պատժամիջոցների կանոնակարգի», - նշված է փաստաթղթում: Ֆինանսական գերատեսչությունը պարզաբանել է, որ այս ռեժիմը կգործի մինչև 2023 թ. օգոստոսի 8-ը՝ ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը 12:01-ը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սիրիա և Սիրիայից գումարների փոխանցմանը։

«Մինչ օտարերկրյա դաշնակիցները և հումանիտար ոլորտի գործընկերները համախմբում են ուժերը տուժածներին օգնելու համար, ես ցանկանում եմ հստակեցնել, որ ԱՄՆ պատժամիջոցները Սիրիայում չեն խոչընդոտի սիրիացիների կյանքերը փրկելու ջանքերին», - հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Ուոլլի Ադեյեմոն:

Նրա խոսքով՝ Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների ռեժիմը նախկինում նույնպես ենթադրում էր որոշ բացառություններ, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնության տրամադրմանը։

Լիցենզիան չի տարածվում այն գործողությունների վրա, որոնք առնչվում են ԱՄՆ-ում սիրիական նավթի և նավթամթերքի վաճառքին: Բացի դրանից, այն չի վերաբերում այն ​​անձանց, որոնց ունեցվածքն ԱՄՆ իշխանությունները նախկինում դասել են «արգելափակված սեփականության» շարքին:

Նմանատիպ նյութեր