211652_close_icon
views-count774 դիտում article-date 14:08 31-01-2023

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարի աճել է 14.2 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի 12 ամիսների ընթացքում 2021 թվականի համեմատ ավելացել է 14.2 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարի 2021-ի համեմատ ավելացել է 7.8 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա 12 ամիսների ընթացքում աճել է 0.4 տոկոսով:

Շինարարության ծավալներում նախորդ տարի գրանցվել է 12.5 տոկոս աճ, առևտրի շրջանառությունում 2022-ի հունվար-դեկտեմբերին 2021-ի նկատմամբ  ավելացումը կազմել է 17 տոկոս:

2022 թվականին մատուցված ծառայությունների ծավալը 2021-ի նկատմամբ ավելացել է 28.2 տոկոսով:

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա 2022-ին սպառողական գների ինդեքսն աճել է 8.6 տոկոսով: Իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է 2.6 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նախորդ տարվա 12 ամիսներին 2021-ի նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.1 տոկոսով:

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին ավելացել է 15.5 տոկոսով՝ կազմելով 235 հազար 576 դրամ: Ընդ որում, պետական հատվածում ավելացումը եղել է 4.3 տոկոս՝ 186 հազար 940 դրամ, ոչ պետականում ավելացումը եղել է 19 տոկոս՝ կազմելով 256 հազար 733 դրամ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում 2022-ին 2021-ի համեմատ արձանագրվել է 68.6 տոկոս աճ, ընդ որում արտահանումն աճել է 77.7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 63.5 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2022-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 435.67:

Նմանատիպ նյութեր