211652_close_icon
views-count313 դիտում article-date 14:25 24-01-2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան ԵՄ առաքելություն ուղարկելուն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հույս ունի, որ ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում չի օգտագործվի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելու համար։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը պետք է պատշաճ կերպով ապահովվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը և իրականացվի այնպես, որ չխաթարվի փոխադարձ վստահությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն նշել է, որ ԵՄ առաջին դիտորդական առաքելության գործունեությունն ուղեկցվել է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ լուրջ հակասություններով։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հույս ունի, որ նոր առաքելությունը «հաշվի կառնի անցյալի փորձը, և ԵՄ դիտորդների ներկայությունը Երևանում չի չարաշահվի»:

Հիշեցնենք` Եվրոպական խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին (EUMA)՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, վստահության ձևավորումը տեղում և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր: