211652_close_icon
views-count1105 դիտում article-date 12:07 14-01-2023

Որն է այսօր սրիկայի վերջին հանգրվանը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայրենասիրությունը հայի համար չի կարող լինել խորհրդային, բյուզանդական կամ օսմանյան: Հայի հայրենասիրությունը, բնականաբար, հայկական է: Դա մի զգացմունք է կամ մի դրդիչ ուժ, որը կա՛մ կա, կա՛մ չկա: Այսօր ինձ համար հայրենասիրությունը նախեւառաջ նշանակում է Հայաստանում ապրելու ուժեղ եւ անսասան ցանկություն՝ անկախ բոլոր սոցիալական դժվարություններից, իշխանության որակից եւ քաղաքական ռեժիմից: Հայաստան ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները, որովհետեւ հայկական պետականությունը ներկայացված է այս երկու տարածքներով: Եվ երկրորդ՝ հայրենասիրությունն ինձ համար նշանակում է պատրաստակամություն՝ պայքարելու այստեղ ապրելու իրավունքի համար:

Գրում եմ այս տողերը եւ հասկանում եմ, որ դրանց արձագանքը կարող է լինել կասկածամտությունը, թերահավատությունը, հեգնանքը՝ «ի՞նչ ես ձեւեր թափում, ինչո՞ւ ես դերասանություն անում»: Եվ խնդիրը հենց դա՛ է՝ ճիշտ բառերի եւ ազնիվ մղումների վարկաբեկումը: Ցինիկ մթնոլորտում վարկաբեկվում է ոչ միայն հայրենասիրությունը, այլեւ սերը՝ որպես այդպիսին: Այդպես, օրինակ, «տղայական» միջավայրում ընդունված չէ ասել, որ սիրում ես կնոջը, ավելի «հարգի է» անշնորհք արտահայտություններ անել կանանց հասցեին:

Կոնկրետ այս փուլում հայրենասիրության վարկաբեկման հիմնական պատճառը պարզ է. երբ բացասական երեւույթները հայտնվում են վեհ գաղափարների կողքին (մանավանդ՝ երբ դրանք արտաբերում են հոռի բարքեր կրողները), վարկաբեկումն անխուսափելի է: 1998-2018 թվականներին «հայրենասիրություն» բառը հայտնվել էր գողության եւ ավազակության կողքին, եւ մարդկանց ընկալման մեջ դրանք միահյուսվել են՝ համարյա պայմանական ռեֆլեքսի մեխանիզմով:

Հիմա եկել է դրանք տարանջատելու ժամանակը: Այժմ ավելի, քան երբեւէ պահանջված են հայրենասեր մարդիկ, իրական նվիրյալները, որոնք պատրաստ են Հայաստանը (դարձյալ՝ այն իմաստով, որը նշել եմ) հանել այդ ծանր վիճակից: Ես նկատի ունեմ, մասնավորապես, մեր բանակի այն սպաներին եւ զինվորներին, որոնք 44-օրյա պաատերազմում պատվով են կատարել իրենց պարտքը եւ վերադարձել են տուն: Նրանց մասին այժմ ինչ-որ քաղքենիական առասպելներ են հյուսվում: Այդ կեղտը, բնականաբար, տղաներին չի կպնում: Ինչպես չի կպնում անհավատության եւ ցինիզմի կեղտը «հայրենասիրություն» բառին: 

Փոքր-ինչ ձեւափոխելով հայտնի արտահայտությունը, կարելի է ասել՝ սրիկայի վերջին հանգրվանը հայրենասիրությունը վարկաբեկելն է»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր