211652_close_icon
views-count801 դիտում article-date 10:32 10-01-2023

Որևէ բանի «ֆորպոստ» կամ «բաստիոն» լինելը վատ է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կազմակերպությունը կիրակի օրը բողոքի ցույց անցկացրեց Գյումրիում՝ 102-րդ ռազմաբազայի մոտ: Ես իմ վերաբերմունքն ունեմ այդ կազմակերպության հանդեպ, եւ հատկապես՝ 2016 թվականին, այսպես կոչված, «Սասնա ծռերի»՝ ոստիկանական գնդի վրա հարձակման ու մարդասպանության վերաբերյալ: Ավելին՝ ես չեմ կարծում, որ Ռուսաստանի՝ իր պարտավորությունների կատարման պահանջը պետք է դրվի զիվորականների առաջ, առավել եւս՝ Բերձորի միջանցքում չգտնվող: Ադրբեջանի կողմից շրջափակումը չվերացնելը Ռուսաստանի քաղաքական ղեկավարության որոշումն է, ոչ թե՝ զինվորականների: Հետեւաբար, ավելի բնական կհամարեի, որ ցույցը տեղի ունենար Երեւանում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Բայց ես չեմ հասկանում նաեւ նրանց, ովքեր չափից դուրս խանդավառ կերպով դատապարտում են ԱԺԲ-ի ցույցը: Այդ «դատապարտումներից» կարող է տպավորություն ստեղծվել, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը տեր են իրենց ստորագրություններին, իսկ ահա մի քանի տասնյակ մարդ բողոքում է այդ երկրի եւ այդ կառույցի անթերի աշխատանքի պարագայում: Իրականում չեմ կարծում, որ այս հարցում հայաստանյան հասարակության մեջ կան լուրջ տարաձայնություններ՝ դժգոհ են գրեթե բոլորը: Մեր խնդիրն է գտնել մեզ միավորող, ոչ թե բաժանող կետերը, եւ ամեն մի առիթով իրար երեսի չշպրտել «Արեւմուտքի գործակալներ», «Պուտինի ագենտուրա» մեղադրանքները:

Ընդհանրապես, այն գաղափարը, թե կա երկու ուղի, որոնցից մեկում մեզ սպասում է փրկություն եւ զարգացում, իսկ այլ տեղում՝ ստրկություն եւ գաղութացում (այդ բաժանարար գծի կողմնակից է նաեւ նույն ԱԺԲ-ն), սնամեջ է եւ անիմաստ: Ռուսաստանի «ֆորպոստ» կամ «գուբերնիա» լինելը նույնքան վատ է, որքան ժողովրդավարության «կղզյակ» կամ «բաստիոն»: Ժողովրդավարությունը, որքան կարեւոր է մեր ներքին կյանքի կազմակերպման համար, այնքան անպետք է որպես մի «ապրանք», որը կարելի է վաճառել Արեւմուտքի վրա: Ադրբեջանի հետ համեմատ մեր ավելի ժողովրդավար լինելը մեզ որեւէ առավելություն չի տվել պատերազմում, եւ դրանից հետո էլ չի փրկում մեզ Ադրբեջանի ագրեսիայից եւ Արցախի շրջափակումից: Ճիշտ նույն ձեւով մեզ չի պաշտպանում Ռուսաստանի հետ նոմինալ առումով «դաշնակից» եւ ՀԱՊԿ անդամ լինելը:

Մեր ամենակարեւոր խնդիրներից մեկն է՝ մտածել այդ հարացույցից (պարադիգմից) դուրս, զուտ պրագմատիկ դաշտում: Ոչ թե վիճել, թե այդ երկընտրանքից որն է ավելի լավը, որը՝ վատը, այլ՝ ընդհանրապես հրաժարվել այդ երկընտրանքից, դեն նետել այն: 

Առանց այդ էլ բազմաթիվ անիմաստ բաժանարար գծեր ունենք, մասնավորապես՝ «ներկաներ»-«նախկիններ»: Արդյոք վեճի նոր թեմաներ ստեղծելու ժամանա՞կն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր