211652_close_icon
views-count800 դիտում article-date 17:45 30-12-2022

Տարին ամփոփում ենք մեծ անհանգստությամբ ԼՂ-ի մեր հայրենակիցների համար. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտին է մոտենում դժվարություններով և մարտահրավերներով, բայց նաև նոր նախաձեռնություններով ու գաղափարներով, կյանքի կոչված ծրագրերով լեցուն ևս մեկ տարի, որը մենք դիմավորում ենք մտահոգ, բայց այն համոզմամբ, որ զարգացման անշեղ օրակարգը, հետևողական աշխատանքը և որակական փոփոխությունները կարող են և պետք է լինեն առկա մարտահրավերների հաղթահարման ճանապարհը:

Տարին ամփոփում ենք մեծ անհանգստությամբ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար, որոնք զրկված են արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից։

Բազմաթիվ երեխաներ այսօր զրկված են իրենց հարազատների հետ ամանորյա ընտանեկան տոնը կիսելու հնարավորությունից։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրիս սա ուղղորդում է հարյուրապատկել ջանքերը և անել ավելին մեր երկրի հզորացման համար։

Սիրելի՛ հայրենակիցներ, կրթության և գիտության, մշակույթի, արվեստի, մարզաշխարհի ներկայացուցիչներ, աշակերտներ, ուսանողներ, կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտն այն ոլորտներն են, որտեղ ավելին անելու մեզանից յուրաքանչյուրի ջանքերը կարող են առանցքային լինել պետության զարգացման համար։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում արդեն իսկ կատարված աշխատանքներով մենք գտնվում ենք որակական փոփոխությունների այն փուլում, որը շրջադարձային դեր է ունենալու այդ զարգացման համար: Բոլորս միասնաբար 2023 թվականը պետք է դարձնենք բազմապատկված ջանքերի ու արդյունքների բազմապատկման տարի:

Բոլոր երեխաներին ու մեծահասակներին հասանելի որակյալ կրթությունն ու զարգացող գիտությունը, քաղաքացիական արժեհամակարգ ձևավորող մշակույթը և մշտապես նոր բարձունքների խրախուսող մարզաշխարհը կերտում են պետության և քաղաքացու դիմագիծը, ամրացնում պետականության հիմքերը:

Շարունակական ու հետևողական աշխատանքները կարդարացնեն մեր ակնկալիքները, կապահովեն առաջընթացը և կտան իրենց պտուղները: Այս դժվարին ժամանակաշրջանում մենք վրիպելու և ընկրկելու իրավունք չունենք: Թո՛ղ 2023 թվականը լինի միայն ձեռքբերումների, հաղթանակների ու նվաճումների տարի:

Մաղթում եմ խաղաղություն, սեր և բարօրություն: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր