211652_close_icon
views-count2044 դիտում article-date 10:51 01-09-2023

Նոր ուսումնական տարին սկսում ենք հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ․ հեշտ չի լինելու. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ սովորողներ, ուսուցիչներ, դասախոսներ,

Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի՝ Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ:

Նոր ուսումնական տարին սկսում ենք հիմնարար փոփոխություններով, կրթական համակարգի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերով, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ, կառավարման և ֆինանսական համակարգերի փոփոխությամբ, բարձրագույն կրթության բարեփոխումների մեկնարկով: Դրանք հեշտ չեն լինելու, և շատ կարևոր է այդ փոփոխությունների ճանապարհին հասկանալ, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են, եթե աշխատում ենք որպես մի մեծ թիմ ու ջանք ենք դնում մեկ նպատակով՝ մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում յուրաքանչյուր սովորողի համար որակյալ կրթություն ունենալու։

Բարեփոխումների ընթացքը չափազանց բարդ և պատասխանատու է բոլորիս համար. ուսուցման գործընթացում ներգրավված յուրաքանչյուր ոք՝ լինի մանկավարժ, աշակերտ, ծնող, թե պաշտոնյա, իր անելիքն ունի, որին պետք է մոտենալ մեծ հոգատարությամբ և բարձր գիտակցումով:

Մեծածավալ աշխատանքների իրականացման ճանապարհին անփոխարինելի են մասնագիտական հանրույթի դերն ու աջակցությունը, որոնց կարիքն ունի պետությունը: Այս մեծածավալ աշխատանքներում առանցքային է հատկապես ուսուցչի դերակատարումը:

Սիրելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, յուրաքանչյուր բարեփոխում կայանում է միայն ձեր անմիջական ջանքերի, կատարած գործի հանդեպ պատասխանատվության և սրտացավության շնորհիվ: Շնորհակալ եմ ձեր անհոգնում աշխատանքի և վաղվա օրվա աննահանջ հավատի համար: Մենք ձեզ հետ անցել ենք համավարակն ու պատերազմը, արել ենք ավելին, քան պատկերացնում էինք՝ մեր երեխաների կրթությունն ապահովելու համար։ Այժմ էլ հեշտ օրեր չեն. շատ են բարդություններն ու անորոշությունները։

Այսօր մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի պայմաններում զրկված են կրթական իրավունքը լիարժեք և արժանապատիվ իրացնելու հնարավորությունից, ինչը լուրջ մտահոգություններ պետք է առաջացնի միջազգային կառույցների շրջանում: Այս սեպտեմբերին առաջին դասարանցիների մուտքը Լեռնային Ղարաբաղի դպրոցներ ոչ թե տոնականության, այլ անհանգստության, անորոշության և ահագնացող մտավախությունների միջավայրում է։ Մեր պարտքն է ամեն կերպ աջակցել մեր հայրենակիցներին և օր առաջ վերադարձնել ուսումնական բնական գործընթացին: Հետևաբար, այսօր ավելի քան երբևէ, կրթությունը կարևոր է, սովորելը կարևոր է, զարգանալը կարևոր է։

Նոր ուսումնական տարում բոլորիս մաղթում եմ խաղաղ պայմաններում բեղմնավոր գործունեություն, փոփոխությունների իրականացման ճանապարհին ուժ և հաստատակամություն:
Բարի՛ երթ»:

Նմանատիպ նյութեր