211652_close_icon
views-count902 դիտում article-date 13:05 29-12-2022

Մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը․ Նիկոլ Փաշինյան

Լաչինի միջանցքը փակելն Ադրբեջանի կողմից նրա ստանձնած միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է։ Եթե  նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստնեը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է, այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբն ու ՌԴ-ն, որը անվտանգային կոնկրետ  պարտավորություններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի  միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ռուս խաղաղապահների  պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ։ 

«Եթե Ռուսաստանի Դաշնությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ, ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ, բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարցը բարձրացնի։ Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ։ Սրան նախորդել են Փարուխի իրադարձությունները 2022 թվականի մարտին և Խծաբերդի իրադարձությունները 2020 թվականի դեկտեմբերին, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված։ Մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը պետք է դառնա իրենց ամենօրյա աշխատանքի մասը։

«Գործընկեր պետությունները, միջազգային կազմակերպությունները պետք է մանրամասնորեն տեղեկացված լինեն հաստատված հումանիտար ճգնաժամի և իրավիճակի վատթարացման մասին»,- եզրափակեց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր