211652_close_icon
views-count6944 դիտում article-date 21:51 20-12-2022

Խորհրդային դարաշրջանի հայ սիրված բանաստեղծ Մկրտիչ Սարգսյանի՝ Արցախին նվիրված բանաստեղծությունը, եթե այսօր շատերն ընթերցեն, դեմքով կթեքվեն դեպի Արցախը և կհասկանան Մոնթեի մարգարեական խոսքի իմաստը

Խորհրդային տարիներին սիրված ու ճանաչված հայ բանաստեղծ, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մկրտիչ Սարգսյանը 1992 թվականին մի հրաշք բանաստեղծություն է նվիրել Արցախին։ 

Այսօր շատ քաղաքական ու հասարակական գործիչներ, ովքեր կարծես թե երես են թեքել Արցախից, եթե գոնե մեկ անգամ ի սրտե ընթերցեն սիրված գրողի այս բանաստեղծությունը, հնարավոր է՝ դարձի գան ու ընդունեն լեգենդ Մոնթեի հայտնի խոսքը՝ Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը...

Արցախին
Բազմաչարչարս, բազմահանճարս,
Անպարտելին իմ, նաև անճարս,
Իմ բիբլիական հողս հերկողը,
Կյանքս հաստատող, մահս՝ հերքողը․․․
Իմ տառապյալը, իմ տառապանքը,
Խրճիթն իմ համեստ, իմ ապարանքը,
Իմ խիղճը մաքուր, իմ բարությունը,
Արդար երազն իմ, իմ հարությունը,
Քմահաճ մուսաս, ես քո՝ պոետը,
Ես փարվող աղբյուր, դու՝ Մեղրագետս,
Անփարատ ցավն իմ, հպարտությունը,
Իմ հաղթանակը, իմ պարտությունը,
Արնածոր վերքն իմ, երգն իմ հաղթական,
Դու երդվյալ տանտեր, բռնի գաղթական,
Տանդ մեջ՝ օտար, գերի՝ քո հողում,
Կեղտոտ թաթի մեջ անգամ շողշողուն․․․
Գանձասար դու իմ, քո ուխտավորն եմ,
Քո անմահությամբ ես բախտավոր եմ,
Քո գոյությունը իմ գոյությունն է,
Քո զորությունն իմ հզորությունն է․․․
Հարատևիր, իմ ամենաթանկս,
Մեսրոպաբնակ Ամարաս վանքս,
Դևերն են ուզում ջարդել քո դուռը,
Ուզում են մարել սրբազան հուրդ,
Ուզում են, որ քեզ հավետ ուրանաս,
Խլանաս հանկարծ, հանկարծ կուրանաս,
Անձդ, արմատդ հանկարծ մոռանաս,
Օտար հողմերից ճկվես, կորանաս․․․
Օ՜, բարի Աստված, դու եղիր փրկիչ,
Չպոկեն որդուն մայրական գրկից․․․
Իմ տառապյալը, իմ տառապանքը,
Տունն իմ հնամյա, իմ ապարանքը,
Մենք իրարով ենք ապրում այլևս,
Աստվա՜ծս, ե՜րգս, անմար Արև՜ս․․․

Մկրտիչ Սարգսյան
15․04․1992թ․

 

Նմանատիպ նյութեր