211652_close_icon
views-count2710 դիտում article-date 22:54 29-05-2026

Առեղծվածային մահվան դեպք Երևանում․ Արաբկիրի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ մարմին․ մահվան հանգամանքները պարզվում են․ իրավապահները դիտարկում են մի քանի վարկած․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 29-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հովսեփ Էմին փողոցի տներից մեկում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է․ նշված սեփական տանը հայտնաբերվել է կնոջ դի։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնի տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ազատ Դանիելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հովհաննես Թաթոյանի, Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը 60-ամյա Լուսինե Ս․-ն է և, ըստ հարևանների միջև տեղի ունեցած խոսակցությունների, հնարավոր է, որ կինը սպանվել է։

Թե ինչ հանգամանքներում՝ դա արդեն իրավապահները պարզում են։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր