211652_close_icon
views-count845 դիտում article-date 21:52 16-12-2022

Առաջարկվում է ստեղծել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան և առանձնացնել Երևանի քաղաքացիական և քրեական դատարանները

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:

ԱՆ-ից հայտնում են, որ նախագծի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից: Նախագծի ընդունման արդյունքում ստեղծվելու է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը: Դատարանը կազմված է լինելու 12 դատավորներից, որոնցից 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, 6-ը հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ:

Արմենուհի Հարությունյանը նշել է, որ փոփոխություններով նոր դատավորների թիվ ավելացնելու անհրաժեշտություն չի առաջանալու: Նախագծով կարգավորվելու են նաև Վերաքննիչ դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վերաբերյալ կարգավորումները: Նախագծերի փաթեթը Պետաիրավական գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացավ պատգամավոր Արփի Դավոյանի ծավալուն առաջարկների հաշվառմամբ արդարադատության նախարարության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում:

Այսպես, նախագծերի փաթեթով կարևորագույն փոփոխություններից է նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով Երևան քաղաքում ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների առանձնացումը:

Ներկայացված բոլոր առաջարկները և փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները միտված են ներկա իրավակարգավորումներն առավել հստակեցնելուն, օրենսդրական կարգավորումների որոշ բացեր լրացնելուն, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը և գործերը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքի ապահովմանը:

Նմանատիպ նյութեր