Ստեղծվում են հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ․ 24 նոր դատավորի հաստիք կավելանա. Ռուստամ Բադասյան
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում» և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների նախագծին:
Հարցը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ այս փաթեթով ներդրվում է երկու մասնագիտացում՝ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացումը:
«Դատական իշխանության վիճակագրական տվյալները փաստում են, որ քրեական մասնագիտացմամբ դատավորները քննում են նաև այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողությանը՝ կալանքի միջնորդություններ, խուզարկության թույլտվության միջնորդություններ: Իրարից էապես տարբերվող երեւույթների մասին է խոսքը։ Եվ մենք կարծում ենք, որ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացումն անհրաժեշտ է քննության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: Նաև մեր հակակոռուպցիոն ռազմավարությունից բխում է, որ պետք է նաև նեդրվի մասնագիտացում կոռուպցիոն հանցագործությունների քննության մասով»,- ասաց նախարարը:
Բադասյանը նշեց, որ դատավորների թվի ավելացում է նախատեսվում ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում (21 հաստիք), այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանում (3 հաստիք):