211652_close_icon
views-count1449 դիտում article-date 15:16 14-12-2022

«Վեոլիա ջրի» տարեցտարի ավելացող սակագներն ու Վանաձորի բնակչին ուղղված սպառնալից նամակները․ Oragir.news

Վանաձորի Դեմիրճյան 26 հասցեում եղբոր հետ բնակվող տիկին Գայանեն սոցիալական ծանր վիճակում է գտնվում։ Նա Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ քաղաքում շենքերի վթարայնությամբ պայմանավորված, բնակարանների մեծ մասում ջրաչափեր տեղադրված չեն։ Դրանից ելնելով՝ իրենք նույնպես ամսական խմելու ջրի համար վճարում են անձահաշվով։

«Ես պարբերաբար մուծումներն արել եմ։ Մինչև «Վեոլիա»-ի գալը՝ 2017 թվականը, մենք ջրի պարտք չենք ունեցել։ Այն ժամանակ ևս վճարը սակագնով էր, բայց անձաքանակ էր՝ անձը 1100 դրամ։ Այդ գումարն առանց այն էլ մեծ էր մեզ համար։ Ես նույնիսկ 1 տարի առաջ դիմում եմ գրել «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին, ներկայացրել եմ առկա բոլոր խնդիրները։ Բայց հասկանում եմ, որ իրենք լավ չեն հասկանում կամ էլ չեն ուզում հասկանալ։

Անցած տարեվերջին դիմել են դատարան։ Ես տեղյակ չեմ եղել։ Դատարանը մերժել է իրենց հայցը՝ փաստաթղթերի ոչ պատշաճ լինելու պատճառով։ Ես այդ մասին իմացել եմ այդ որոշումը կայացնելուց 6 ամսի հետո միայն»,- ասաց նա։

Գայանե Հովսեփյանն Oragir.News-ին հայտնեց, որ արդեն 2017 թվականից հետո, նախկին 1100 դրամ սակագինը, առանց որևէ բացատրության, բարձրացվել ու հասցվել է 5400 դրամի։

«2016 թվականի տարվա վերջին պարզվել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է ջրի վարձի սակագինը բարձրացնելու մասին որոշումը։ Ծախսը հաշվել էին 30 խմ, թե դա ինչ տրամաբանություն է՝ չգիտեմ։ Իբր 30 խմ-ը կազմում է 5400 դրամ։ Իբր ես այդքան ջուր եմ օգտագործում։ Այսօր խոհանոցը փակած է, բաղնիքն էլ գրեթե չի օգտագործվում։ Ամեն դեպքում դրա մասին չի բարձրաձայնվել ո՛չ ՀԾԿ-ի, ո՛չ «Վեոլիա»-ի կայքում։ Հիմա «Վեոլիա ջուր»-ի խուժանությունից հետո տեղեկություններ կան, որ սակագնի ներկա 5400 դրամը նույնպես նախատեսվում է մեծացնել՝ հասցնելով 6000 դրամի։

Եթե հունվարից էլ ջրի գինը բարձրանում է՝ կարող է անգամ 7000 դառնալ սակագինը, մի առասպելական թիվ։ Բայց իրենց կայքում դեռևս չեն հայտնել այդ մասին»,- ասաց նա։

Քաղաքացին հայտնեց, որ այս ամենի ֆոնին իրենք խնդիրներով դիմել են «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակայն, դրանց որևէ լուծում չի տրվել։ Իր բնորոշմամբ, ջրաչափերի տեղադրման խնդիրը դեռևս եկար ժամանակ լուծում չի ստանա։

«Սա 1972 թվականի շենք է։ Նախ ջրաչափը երկու տեղ պետք է դրվի։ Սանհանգույցը, խոհանոցը ահավոր վատ վիճակում են։ Խոհանոցը նույնիսկ փակել ենք։ 2016-ին ջրի վթար եղավ։ Զանգեցինք ջրմուղ՝ ասացին, որ իրենք չեն կարող մարդ ուղարկել, բայց մասնավոր վարպետի հեռախոսահամար կտան։ Այդ մասնավոր վարպետն եկավ ու ասում է՝ եթե դուք ջրաչափ դրած լինեիք՝ ձեզ էլ կտուգանեին՝ ինձ էլ։ Պետք է պլոմբը քանդեին։ Բաղնիքի հատվածում էլ էլի սանհանգույցն այնքան խայտառակ վիճակում է, որ առաստաղից կաթոցներ են սկսվել։

Մենք 3-րդ հարկում ենք։ Այս շենքերի 4-րդ հարկերը պետք է քանդվեին՝ դեռևս 1988 թվականից սկսած։ Բայց որ չքանդեցին՝ 4-րդ ու 5-րդ հարկի բնակիչներն իրենց կամայական փոփոխություններն արեցին, խողովակն ով որտեղ ուզեց՝ դրեց, ինչ ուզեց՝ արեց։ Հիմա էլ անընդհատ կաթոցներ, անընդհատ պետք է դիմենք համատիրություն, էնտեղ էլ պետք է ասեն՝ դու ինձ մուծում չես անում՝ ես չեմ գալիս։ Երկու անգամ էլ մեր խողովակներն են փոխել, որովհետև վերևի փոփոխությունը մեզ մոտ անհամամասնություն է առաջացրել։ Այսպիսի խայտառակ վիճակ է։ Ջրաչափ տեղադրելու համար հիմա մեզ պայման էլ չեն ներկայացնում։ Արդեն երկրորդ տարին է՝ մեզ մենակ սպառնալից գրություններ են ուղարկում, որ պետք է ջրի այդ կուտակված վարձը մուծենք»,- ասաց նա։

Քաղաքացու խոսքով՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը քաղաքացու կուտակած պարտքն ստանալու համար դեռևս 2018 թվականին դիմել էր դատարան։ Հայցը, սակայն, մերժվել էր։

Այն ժամանակ տիկին Գայանեի ջրի պարտքը 31 հազ․ դրամ է եղել։ Անցած տարիների ընթացքում, սակայն, այդ գումարը հասցրել է մեծանալ մի քանի անգամով։ «Մինչև այս տարվա հուլիսը ջրի կուտակված պարտքը կազմում է 243 հազ․ դրամ։ Դրան գումարած 34 հազ․ դրամ՝ «Վեոլիա ջուր» ընկերության փաստաբանի փող, 4000 դրամ էլ պետական տուրք»,- ասաց տիկին Գայանեն։

Տիկին Գայանեն եղբոր հետ բնակվում է վարձով։ Այս պահին որևէ աշխատանք չունեն։ Ասում են՝ Վանաձորում աշխատանք գտնելը շատ բարդ է։ Ապրուստն էլ հոգում են որևէ հարազատի օգնության կամ տան գույքի վաճառքով։ Իր խոսքով՝ սոցիալական այս պայմաններում իրենք պարզապես ի վիճակի չեն վճարել անհիմն բարձրացած սակագինը։

Խնդրով դիմել են և՛ վարչապետին, և՛ նախագահին։ Որևէ արձագանք չեն ստացել։ «Խնդիրն այն էր, որ իրենք պաշտոնապես չեն ֆիքսել, որ այդ թվով պետք է անջրաչափները մուծեն։ Ի սկզբանե, երբ 2018 թվականին «Վեոլիա»-ն ինձ դատի էր տվել, Հելսինկյան գրասենյակ դիմեցի, Սաքունցն ասաց, որ իրենք չեն ստացել իմ ուղարկած նամակը։ Բայց հետո պարզեցին, որ այդ 5400 դրամ սակագինը հնարավոր էր բողոքարկել առաջին չորս ամսում։ Բայց «Վեոլիա»-ն դիտմամբ չէր տեղադրել դա կայքում, գաղտնի էր պահել, որ այդ 4-ամսյա ժամկետն անցներ»,- ասաց նա։

Գայանե Հովսեփյանի խոսքով՝ իր այս խնդրով դիմել էր նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին։ «Երևի խորամուխ էլ չէին եղել նյութի մեջ։ Ձևական մի նամակ եկավ, որտեղ ասում էին, որ պետք է ջրաչափ տեղադրել։ Ասես՝ իրենք «Վեոլիա»-ի շահերի պաշտպանը լինեին։ Դիմել էի նաև «Հասարակական պաշտպանների միություն»՝ Արամ Գրիգորյանին, ինքն էլ գրել էր՝ մենք կուսումնասիրենք խնդիրը ու ոչինչ չարեց»,- պատմեց քաղաքացին։

Խնդիրն այսպիսով շարունակում է առկախված մնալ։ Այդ ֆոնին, սակայն, շարունակաբար մեծանում է սոցիալական անմխիթար վիճակում ապրող քաղաքացիների վրա տարիներ շարունակ կուտակած կոմունալ պարտքը։

Նմանատիպ նյութեր