211652_close_icon
views-count850 դիտում article-date 23:19 06-12-2022

Շողակաթ համայնքում ոռոգելի կդառնա 500 հեկտար հողատարածք

Շողակաթում «Խելացի ոռոգում» ծրագրի ներդրմամբ ոռոգելի կդառնա 500 հեկտար հողատարածք: Դեկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԶԾ «Կանայք եւ երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի ղեկավար Ժաննա Հարությունյանին եւ փորձագետ Հասմիկ Մանասյանին։

Հանդիպման սկզբում ժաննա Հարությունյանը ներկայացրել է ՄԱԶԾ «Կանայք եւ երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի ուղղությունները, նպատակները, իրականացված աշխատանքների արդյունքները եւ առաջիկա անելիքները։ Ծրագիրն իրականացվում է 2019 թվականից եւ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի 52 բազմաբնակավայր համայնքներին։

Ինչպես ներկայացրել է Ժաննա Հարությունյանը՝ ծրագրային նպատակներից ելնելով Գեղարքունիքի մարզում աջակցություն են ցուցաբերել՝ ձեւավորելու համայնքի ղեկավարին կից կանանց եւ երիտասարդների խորհրդակցական մարմիններ, որոնց հնարավորություն է ընձեռվել՝ մասնակցելու հատուկ իրենց համար նախատեսված դրամաշնորհային մրցույթներին, ներգրավված լինելու ՄԱԶԾ կողմից կազմակերպված վերապատրաստումներին, իրականացրել են կանանց նախընտրական եւ հետընտրական դասընթացներ, համավարակի ընթացքում մարզում միայնակ ծերերին բաժանվել է սնունդ եւ պաշտպանիչ միջոցներ, իրականացվել է հոգեբանական խորհրդատվություն կամավոր հոգեբանների կողմից, տեղահանված կանանց շրջանում իրականացվել է դրամաշնորհային ծրագրեր։

Շողակաթ համայնքում, որն արդեն ընդգրկված է Ճամբարակ խոշորացված համայնքի կազմում, ընթացքի մեջ է «Խելացի ոռոգման ծառայության ներդրման» ծրագիրը, որը հնարավորություն կտա՝ ոռոգելի դարձնել Արտանիշ եւ Շողակաթ բնակավայրերի շուրջ 500 հեկտար հողատարածք։

Ծրագրի փորձագետ Հասմիկ Մանասյանի ներկայացմամբ՝ Շողակաթում հիմնվող «Խելացի ոռոգում» համակարգը, որը Գեղարքունիքում առաջին ու բացառիկ կառույցը կլինի, նախատեսում է 30 հազար խորանարդ մետր տարողության օրվա կարգավորիչ ջրավազանի եւ կաթիլային կամ անձրեւացնող ոռոգման համակարգերի տեղադրում։ Օրվա կարգավորիչ ջրավազանում ջուրը գարնանային վարարումների ընթացքում կուտակվում է ձնհալից կամ ջրաղբյուրներից, իսկ ամռան ընթացքում՝ 44 լիտր վայրկյան հզորության խորքային հորից։ «Խելացի ոռոգման» համակարգը իր մեջ ներառելու է գեոմեմբրանային օրվա կարգավորիչ ջրավազան, հիդրոօդերեւութաբանական կայան, արեւային համակարգերով աշխատող պոմպակայան, ինչպես նաև խելացի լուծումներով ջրաբաշխիչ կայաններ։

Ջրավազանը կառուցվելու է նորարական մոտեցմամբ՝ գետնափոր եւ գեոմեմբրանային ծածկույթով, որը ունի մի քանի անգամ ցածր արժեք, քան երկաթբետոնե ջրավազանը։ Ջրավազանը կառուցվելու է 8000 քառակուսի մետր տարածքի վրա, ունենալու է 4 մետր խորություն։ Այժմ ավարտված են չափագրման աշխատանքները, ավարտվել է ավազանի կառուցման համար հայտարարված մրցույթը, ընթացքի մեջ են ավազանի կառուցման հողային աշխատանքները։ Աշխատանքների իրականացման ընթացքին զուգահեռ՝ համայնքում կիրականացվի ծառայության սակագների եւ մատուցման ձեւի հետ կապված հարցերի հստակեցում։

«Խելացի ոռոգում» համակարգը նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականի ընթացքում։

«Շողակաթում եւ Արտանիշում «Խելացի ոռոգում» համակարգի հիմնումը չափազանց կարեւոր եմ համարում, կարծելով, որ այն իր նկատելի ու դրական ազդեցությունը կունենա հողերի մշակության ծավալների ավելացման, արդյունավետության բարձրացման, բնակչության կայուն զբաղվածության եւ եկամուտների ապահովման, իսկ առավելապես՝ գյուղատնտեսության զարգացման ու արդիականացման ուղղություններում։ Բայց այստեղ մի կարեւոր նրբություն կա, այն, որ պետք է հետեւողականորեն աշխատենք գյուղացիական տնտեսությունների հետ, նրանց բացատրենք, թե կոնկրետ որ մշակաբույսը կարող է ավելի լավ եկամուտ ու արդյունք ապահովել։ Եթե համակարգը գործի կաթիլային ոռոգման եղանակով, ապա պարզ է, որ շեշտը պետք է դրվի այգիների հիմնման վրա, իսկ անձրեւացնող եղանակի դեպքում՝ հացահատիկի, կարտոֆիլի կամ այլ մշակաբույսերի արմատավորման եւ զարգացման վրա։ Այս առումով էլ մենք պետք է աշխատենք ու գործողությունները ծրագրենք համատեղ։ Եվ այս ծրագրի իրականացումը մինչեւ վերջ ապահովելու համար մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած կարգի աջակցություն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր