211652_close_icon
views-count379 դիտում article-date 20:04 06-12-2022

Արցախի զարգացումը համահայկական խնդիր է. տեղի է ունեցել ԱՀ պետական նախարարին կից Բարեգործական խորհրդի 6-րդ նիստը

Արցախի Հանրապետության պետական նախարարին կից Բարեգործական խորհրդի 6-րդ նիստում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-6-ը Ստեփանակերտում, ներկայացվել և քննարկվել են Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից իրականացված հետազոտության և դրա հիման վրա մշակված Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Դրանք ենթադրում են Արցախի համայնքների կլաստերային զարգացում՝ թիրախավորելով երեք կարևոր կետ՝  ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացում և տնտեսական խթանների ստեղծում։
 
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը բացման խոսքում  ընդգծել է Արցախի զարգացման տեսլականի սահմանման կարևորությունը՝ նշելով, որ հենց դրա հիմքի վրա  է հնարավոր լինելու ձևավորել պետական, հասարակական, մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը:
 
«Վստահ եմ, որ միակ ճիշտ ճանապարհը Արցախում հասարակական, մասնավոր և պետական հատվածների միջև համագործակցության մոդելն է, որովհետև շատերն են ցանկանում աջակցել Արցախի ժողովրդին ու Արցախի ղեկավարությանը, և այդ առումով աշխատանքի համապատասխանեցման, համադրման խնդիր կա: Թե՛ Արցախի կառավարությունը, թե՛ համահայկական կազմակերպությունները պետք է ամեն ինչ անեն՝ այստեղ ապրող մարդկանց հնարավորություն տալու իրենց ուժերով կերտել իրենց ապագան: Սա միայն Արցախի խնդիրը չէ, սա համահայկական խնդիր է: Արցախի ապագան, Արցախի անվտանգությունը, Արցախի հաջողությունը ոչ միայն Արցախի, այլ ողջ հայ ժողովրդի խնդիրն է»,-ընդգծել է պետնախարարը:
 
Նա կարևոր է համարել ծրագրերի շուրջ բովանդակային քննարկումների ծավալումը՝ վստահություն հայտնելով, որ դրանց արդյունքում կձևավորվեն ավելի իրատեսական և Արցախի առաջնահերթություններին համահունչ ծրագրեր:
 
ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը նշել է, որ  նախաձեռնության հիմնական նպատակը Արցախի ժողովրդին  հուսադրելն ու հավատ ներշնչելն է առ այն, որ նրանք կարող են արարել, աշխատել և բարեկեցիկ կյանք ստեղծել այստեղ։  Նա ընդգծել է, որ քննարկումների ընթացքում ծրագրերը կարող են  նաև փոփոխությունների ենթարկվել։

«Այս պրոդուկտը նախևառաջ պատկանում է Արցախի կառավարությանը, իրենք են այդ կապող օղակը։ Որպես ազգ, մենք մեր ռեսուրսներն ամենաարդյունավետ ձևով պետք է օգտագործենք։ Պետք է քննարկենք  և հասկանանք, թե արդյոք ներկայացված  ծրագրերը համապատասխանում են կառավարության այսօրվա առաջնահերթություններին, ինչ է պետք փոխել՝ դրանք ավելի համապատասխան դարձնելու համար»,-ասել է Վազգեն Յակուբյանը:
 
«ՀԲԸՄ Հայաստան»-ի հետազոտող Հովսեփ Բաբայանը ներկայացրել է  հետազոտությունների արդյունքները, առաջարկվող կլաստերներն ու ծրագրերը՝ նշելով, որ դրանք մշակվել են միջազգային հաջողված փորձի, Արցախի սոցիալ- տնտեսական զարգացման հնարավորությունների ուսումնասիրման, ինչպես նաև համընդգրկուն հարցումների հիման վրա:

Արցախի տարբեր գերատեսչությունների և մի շարք բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երկու օրերի ընթացքում հանգամանալից  քննարկումներ են ծավալվել ներկայացված  ծրագրերի շուրջ, որոնց արդյունքները կամփոփվեն  ՀԲԸՄ մասնագիտական թիմի կողմից: