211652_close_icon
views-count678 դիտում article-date 18:13 06-12-2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շրջայց է կատարել մարզի մի շարք դպրոցներում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր շրջայց է կատարել  մարզի մի շարք դպրոցներում։
   
Շրջայցի ժամանակ Նազելի Բաղդասարյանը կարևորել է դասասենյակներում դասերի կազմակերպման համար բավարար ջերմաստիճանի ապահովումն ու հակահամաճարակային կանոնների պահպանումը, անհարկի բացակայությունների, ինչպես նաև դպրոցներում ամանորյա տոներին ընդառաջ դրամահավաքության բացառումը։ 
   
Պատասխանատուների առաջին կանգառը Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցում է եղել, որտեղ սովորում է 767 աշակերտ։  

Մարզպետը շրջել է դպրոցում, հորդորել ուսուցչական և աշակերտական կազմին լինել առավել զգոն տարատեսակ սեզոնային վիրուսների տարածումը կանխելու նպատակով։ Մարզպետը հետաքրքրվել է նաև աշակերտների հաճախելիության ցուցանիշներով։ 
   
Գյումրու  թիվ 32 հիմնական դպրոցում Նազելի Բաղդասարյանը ծանոթացել է Շիրակի մարզում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրի շրջանակներում իրականացվող  աշխատանքների ընթացքին։ Շուրջ 15 մլն 640 հազար դրամի սահմաններում փոխվելու են դպրոցի շենքի պատուհանները։ Մարզպետը  շինարարին հորդորել  է աշխատանքներն իրականացնել որակով և տեղավորվել նախատեսված ժամկետներում։ 
   
Կարևորելով դպրոցներում կրթական որակի բարձրացումը, ինչպես նաև դասապրոցեսի արդյունավետ ու որակով կազմակերպումը՝ մարզպետը անդրադարձ է կատարել դպրոցի շուրջ քաղաքացիների կողմից  հնչած բողոքներին, որի առնչությամբ տնօրենը տվել է պարզաբանումներ։
   
Պատասխանատուներն այցելել են նաև Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց, անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրով 28 մլն 372 հազար դրամի շրջանակներում, դպրոցի շենքի պատուհաններն ու դռները փոխարինվելու են նորերով, փոփոխվելու է նաև դպրոցի մուտքի դուռը։
   
Խոսելով ծրագրի կարևորության մասին մարզպետը նշել է, որ հարկավոր է իսկապես  գնահատել առաջնահերթ կարիքները, որպեսզի իրականացվող աշխատանքներն ինքնանպատակ չլինեն և կառավարության կողմից տրամադրվող ցանկացած լումա ծառայի նպատակին։
   
Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցում Նազելի Բաղդասարյանին զեկուցվել է, որ 11 մլն 703 հազար դրամի սահմաններում իրականացվելու են դպրոցի շենքի մասնակի վերանորոգման աշխատանքներ, փոխարինվելու են դպրոցի դռներն ու պատուհանները։
   
Նշենք, որ Շիրակի մարզում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրի շրջանակներում սկսվել են մարզի 22 դպրոցների տանիքների վերանորոգման, ներքին հարդարման, դռների, պատուհանների փոխարինման աշխատանքները` 531 մլն դրամ ընդհանուր գումարով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին