211652_close_icon
views-count140635 դիտում article-date 20:56 25-11-2022

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. 68-ամյա վարորդը իր ազգականի հոգեհանգստին մեկնելիս Nissan XTrail-ով բախվել է կայանված կցորդիչին, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 68-ամյա Հրաչ Կ-ն իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատար կցորդիչին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հրաչ Կ-ն տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնաման տեղեկությունների՝ հնարավոր է՝ վթարի պատճառը լինի վարորդի ինքնազգացողության վատացումը։ Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վարորդը մեկնում էր իր ազգականներից մեկի հոգեհանգստի արարողությանը, ավտոմեքենայի մեջ էլ կար ծաղկեպսակ։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր