211652_close_icon
views-count26463 դիտում article-date 20:56 13-11-2022

Արտակարգ դեպք Երևանում․ վրացական համարանիշներով Nissan Teana-ն Ավանում բախվել է կայանված ավտոմեքենայի և մխրճվել CPS բենզալցակայանի մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում վրացական համարանիշներով Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Ավան վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ավտոմեքենայի, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել Բաբաջանյան փողոցի թիվ 119/4 հասցեում գործող «CPS» բենզալցակայանի տարածքում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բենզալցակայանի տարածքում մխրճվելու հետևանքով կոտրվել են լիցքավորման սարքը, շրջվել են սառնարանները և սկսվել է դիզվառելիքի արտահոսք։ Մինչ օպերատիվորեն կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկ, բենզալցակայանի աշխատակիցները օպերատիվորեն են գործել. վտանգելով իրենց կյանքը` կրակմարչներով կանխել են կրակի բռնկումը, ապա ժամանած հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը։ 

Դիզվառելիքը մոտ 500 մետր թափվել է ու հրշեջ-փրկարարներն այդ վայրում կատարել են լվացման աշխատանքներ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի երկրորդ գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Կարեն Գալստյանն ու կրտսեր պարեկ Գոռ Ադամյանը։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը, ինչպես նաև արդյոք վթարի հետևանքով տուժածներ կան, քանի որ, ըստ տեղեկությունների, վթարից հետո վարորդը հեռացել է դեպքի վայրից։ Պարեկային ծառայությունը պարզում է նաև կայանված ու վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր